ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջարկում եմ որոշակի խստացումների գնանք, որ  մեր երիտասարդ սերունդը ավելի քիչ առնչվի ալկոհոլի հետ. Հակոբ Արշակյան

Առաջարկում եմ որոշակի խստացումների գնանք, որ մեր երիտասարդ սերունդը ավելի քիչ առնչվի ալկոհոլի հետ. Հակոբ Արշակյան

Այսօր Ազգային ժողովում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նիստի ընթացքում բարձրացրեց ալկոհոլային խմիչքների գովազդի և անչափահասների կողմից դրանց օգտագործման խնդիրները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը նշեց, որ թեև մինչև 18 կամ 21 տարեկանը ալկոհոլ կամ ծխախոտային արտադրանք չի թույլատրվում և այստեղ օրենքները կան, բայց, ցավոք, լինում են դեպքեր, երբ անչափահասները կարողանում են ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել  խանութներում և ժամանցային վայրերում, ըստ նրա՝ այստեղ տեսչական մարմինները պետք է ուշադիր լինեն:

Հակոբ Արշակյանը նկատեց, որ շատ մեծ քանակի ալկոհոլի, մասնավորապես՝ բարձր սպիրտայնություն պարունակող ալկոհոլի գովազդ ենք տեսնում թե քաղաքում, թե քաղաքից դուրս: «Իհարկե, դա օրենքի շրջանակներում է, բայց ես առաջարկում եմ նման հարցերին անդրադառնանք և կառավարության հետ ճշտենք մեր դիրքորոշումները և այդ առումով նույնպես որոշակի խստացումների գնանք, որ  մեր երիտասարդ սերունդը ավելի քիչ առնչվի ալկոհոլի հետ»,- ասաց նա:

Դավիթ Առուշանյանն ասաց, որ համայնքները գովազդները տարբեր ձևով են գանձում. ալկոհոլային խմիչքների գովազդի համար ավելի թանկ են վճարում համայնքապետարանին, քան այլ գովազդների համար: «Բայց խնդիրը միանշանակ չի լուծվում, քանի որ իրենց եկամուտները շատ ավելի բարձր են, և իրենք պատրաստ են մի քանի անգամ ավելի վճարել գովազդների համար, քան մնացած արտադրանքների»,- նկատեց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, արձագանքելով այս խնդրին, ասաց, որ խստացումները քննարկվում են, սակայն կարևոր է նաև գովազդային ոլորտի կայունության ապահովումը՝ դրամային հոսքերի առումով, քանի որ կարող են վնասել մի ամբողջ ոլորտ: «Պետք է գտնել բալանսավորված լուծում»,- ասաց նա:

  • Կիսվել: