կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
«Անգամ չընդունված, աշխատեց». Ավանեսյանը՝ աղի կիրառումն արգելող նախագծի մասին, որն այդպես էլ կյանքի չկոչվեց

«Անգամ չընդունված, աշխատեց». Ավանեսյանը՝ աղի կիրառումն արգելող նախագծի մասին, որն այդպես էլ կյանքի չկոչվեց

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է ուրախ լինել, որ հանրային սննդի վայրերում աղամանների ազատ կիրառությունն արգելող օրենքի նախագիծը հանրային լայն քննարկման է արժանացել՝ անգամ չընդունված։ Այդ մասին նա ասաց այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

Նախարարը 2022թ․ մարտին էլ էր ուրախություն հայտնել, որ նախագիծը լայն քննարկման է արժանացել։

«Շատ ուրախ եմ, որ այդ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված, աշխատեց, և որոշակի մարդկանց մոտ արձանագրում եղավ, թե իրենք ինչքան աղ են օգտագործում իրենց ռացիոնի մեջ, շարունակաբար աշխատելու ենք մեր վարքագծային փոփոխության համար»,- ասաց Ավանեսյանը։

Արձագանքելով լրագրողի խնդրանքին, որ պետք է նախարարությունը հայտարարություն անի, որ նման օրինագիծ չկա, մարդիկ չվախենան աղամանը սեղաններին դնել, նա պատասխանեց. «Կարծում եմ` որևէ մեկը չի վախենում»:

Նախարարը հավելեց՝ բոլոր քայլերին դիմում են մեր քաղաքացիների առողջության համար։

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում էր «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։ Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում արգելվելու էր աղաման դնել սեղանին` առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվեր 30 հազար դրամով:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը:

  • Կիսվել: