շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ. վարչապետ

ԱԱՀ-ի հետվերադարձի գործընթացում լինում են խարդախություններ. վարչապետ

Ավելացված արժեքի հարկի հետվերադարձի գործընթացում տեղի են ունենում խարդախություններ, այս առիթով կան քրեական գործեր, նույնիսկ կալանավորված անձինք, մեծ չափերի գումար արդեն վերականգնվել է պետական բյուջե: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը շատ ողջունելի համարեց ավելացված արժեքի հարկի վերադարձի գործընթացը՝ դա համարելով մեծ առաջընթաց տնտեսավարողների հետ փոխհարաբերություններում:

Նրա խոսքով՝ դա էապես խթանում է տնտեսավարողների մոտ շրջանառու միջոցների ավելացումը: ՛՛Սակայն ունեմ մտահոգություններ օրինականության հետ կապված: Ձևավորվել է խարդախների մի խումբ, որը զբաղված է ավելացված արժեքի հարկի վերադարձի խարդախությամբ: Գործընթացներն իրականացվում են՝ խախտելով ընթացակագրեր: Դրանով էական վնաս է հասցվում ՀՀ պետբյուջեին՛՛,-ասաց պատգամավորը, և վարչապետը համաձայնվեց, որ իսկապես կա այդ խնդիրը:

՛՛Ձեր նշած դեպքերի նման դեպքերով ունենք քրեական գործեր, ունենք նույնիսկ կալանավորված անձինք, ունենք նաև արդեն մեծ չափերի վերականգնում պետական բյուջե, ունենք նաև այդ շղթաների բացահայտում և դրանց աշխատանքի խափանում, նաև օրենսդրական որոշակի փոփոխություններ անելու նախաձեռնություն, որ այդ շղթաները չկարողանան օրինականության պատրանքի ներքո գործել՛՛,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ հաճախ կառավարության աջակցող ծրագրերից օգտվելու համար խարդախությունների են դիմում, կեղծ թղթեր են ձեռք բերում՝ օրինակ՝ հետվճար ստանալու համար: ՛՛Ստանալը ստանում են, բայց երկար չեն գնա դրանով, դրա վերջը քրեակատարողական հիմնարկն է՛՛,-ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ նկատում են նաև պետական մարմինների կողմից աշխատանքի թերացումներ՝ որոշ դեպքերում դիտավորյալ, որոշ դեպքերում՝ անփութությամբ, ուստի պետք է հետևություններ անել:

  • Կիսվել: