երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
2023-ին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված յոթ տոկոս տնտեսական աճի ապահովմանը. նախարար

2023-ին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված յոթ տոկոս տնտեսական աճի ապահովմանը. նախարար

2023-ին և հաջորդող երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված կլինի թիրախավորված յոթ տոկոս տնտեսական աճի ապահովմանը՝ շեշտադրելով պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը՝ նա նշեց, որ կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման և այդպիսով՝ մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում:

Ըստ Խաչատրյանի՝ նախնական գնահատականներով՝ հարկաբյուջետային քաղաքականության կարևոր ցուցանիշներն այս տարվա ընթացքում կարձանագրեն 2022 թվականի բյուջեով սահմանված թիրախային ցուցանիշների առաջանցիկ բարելավում:

Կառավարության պարտքը, նախարարի խոսքով, ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի ավելի արագ, քան նախատեսված է, և չի գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը՝ սահմանված 60.2 տոկոսի փոխարեն:

՛՛Հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ-ի նկատմամբ 23.4 տոկոս, որն այս տարվա համար սահմանված թիրախն է: Պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումն ավելի մեծ չափով կիրականացվի սեփական եկամուտների հաշվին և ավելի քիչ կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ինչի արդյունքում պետական բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չի գերազանցի 3 տոկոսը՛՛,-ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: