հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
2022 թվականի 10 ամսում արդեն վերադարձրել ենք 41.1 միլիարդ դրամ եկամտային հարկ. 2018 թվականի նկատմամբ 10 անգամ աճ ենք արձանագրել. Փաշինյան

2022 թվականի 10 ամսում արդեն վերադարձրել ենք 41.1 միլիարդ դրամ եկամտային հարկ. 2018 թվականի նկատմամբ 10 անգամ աճ ենք արձանագրել. Փաշինյան

«Այն բացառիկ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Կառավարություն-տնտեսություն հարաբերություններում անկյունաքարային նշանակություն ունեն»,- Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խոսեց եկամտային հարկի բարեփոխումների մասին. «Օրինակ եկամտային հարկի բարեփոխումները, ես համարում եմ, որ դա մեր Կառավարության անկյունաքարային բարեփոխումներից է, որը նաև հոգեբանական շատ կարևոր ազդեցություն է ունեցել: Մենք այդ հարկերը ոչ միայն հավաքում ենք, մենք այդ հարկերը նաև վերադարձնում ենք ՀՀ քաղաքացիներին, այս առումով տպավորիչ է եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը, որ մենք այսօր ունենք: 2018 թվականին Կառավարությունը քաղաքացիներին վերադարձրել է 4.7 միլիարդ դրամ եկամտային հարկ, 2021 թվականին 32.7 միլիարդ դրամ, աճը՝ 595 տոկոս: Իհարկե մի շարք հոդվածներով է այդ վերադարձը տեղի ունենում, որոնցից ամենակարևորը՝ հիփոթեքային վարկի ֆինանսավորումն է: Այս ծրագրի շահառուների թիվը հիմա մոտենում է 25 հազարի, եթե նույնիսկ ոչ ավել: Եկամտային հարկի այս փոփոխությունների առումով շատ կարևոր եմ համարում նաև սոցիալական ազդեցությունը: 2022 թվականի 10 ամսում արդեն վերադարձրել ենք 41.1 միլիարդ դրամ եկամտային հարկ: 2018 թվականի նկատմամբ 10 անգամ աճ ենք արձանագրել»:

Նիկոլ Փաշինյանը հիշեց 2018 թվականի հեղափոխության ժամանակ իրենց տված խոստումները:

«Ես անձամբ խոստացել էի, որ մեկ-երկու տարվա ընթացքում բյուջեի եկամուտները կավելացնենք 35-40 տոկոսով, իհարկե, այս խոստումը լիարժեք կատարվել է», - նշեց նա:

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականի արդյունքներով սպասում են, որ բյուջեի հարկային եկամուտը 662 միլիարդ դրամով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշին:

«2022 թվականին 52 տոկոսով ավելացրել ենք բյուջեի եկամտային մասը՝ 2018-ի համեմատ», - նշեց նա: 2023 թվականի համար հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203,7 միլիարդ դրամ, որը 2018 թվականի պետբյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 միլիարդով կամ 75,1 տոկոսով:

«Այսինքն՝ հեղափոխությունից չորս տարի հետո մենք բյուջեի եկամուտներն ավելացնելու ենք 75 տոկոսով», - վստահեցրեց վարչապետը:

  • Կիսվել: