հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
2021-ին ՀՀ-ում աղքատությունը կազմել է 26,5%. աղքատությունը կարելի է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով. Փաշինյան

2021-ին ՀՀ-ում աղքատությունը կազմել է 26,5%. աղքատությունը կարելի է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով. Փաշինյան

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի աղքատության ցուցանիշը և պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին ՀՀ-ում աղքատությունը կազմել է 26,5%:Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, եթե մենք ցուցանիշը համեմատում ենք 2020 թվականի հետ՝ մենք ունենք 2021 թվականին աղքատության որոշակի նվազում: 2019 թվականի նկատմամբ՝ 0,1 տոկոսային կետով ունենք աղքատության ավելացում: Ես ուզում եմ նաև ընդգծել, որ դուք տեղյակ եք, որ 2019 թվականից աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում: Այսինքն, մենք 2019 թ.-ից առաջվա տվյալները չենք կարող համեմատել 2019 թ.-ից հետո առկա տվյալների հետ, որովհետև բացարձակապես տարբեր մեթոդներով են հաշվարկներ իրականացվել»,-ասաց Փաշինյանը:

Նա ևս մեկ ցուցանիշ ներկայացրեց՝

«Մենք ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0,1% ցուցանիշով աճ 2019 թվականի նկատմամբ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0,8 տոկոսով աճ է ունեցել: Այսպիսով, այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին քովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն, 2020 թվականին քովիդի մեր միջոցառումների արդյունքում մենք ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ քովիդն ավարտվել է և այդ հակաճգնաժամային ծրագրերն էլ ավարտվել են, ըստ էության, մեծ մասով վերադարձել է, մի փոքր էլ ավելացել է: Իհարկե,  այստեղ մեր խնդիրը հետևյալն է, ես մի քանի օր առաջ նաևՎիճակագրական կոմիտեի նախագահի հետ եմ քննարկել այս հարցը, որ ցավոք մենք ավելի օպերատիվ տվյալներ աղքատության ցուցանիշների վերաբերյալ չունենք՝ չենք ունենում: Ինձ  կոմիտեի ղեկավարը հավաստիացրել է, որ դա միջազգային ստանդարտ է՝ ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն ունենում»,-նշեց վարչապետը:

Նա հայտնեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին արդեն համապատասխան հանձնարարականը տրվել է, որ «մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք և նաև աղքատության հաղթահարման ռազմավարությունը մշակենք մեր գաղափարաբանության շրջանում: Գաղափարաբանությունը հետևյալն է, որ աղքատությունը կարելի է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով՝ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա»:

Վարչապետն ընդգծեց, որ մանավանդ հիմա պետք է լրջորեն ուսումնասիրվի սոցիալական ոլորտի քաղաքականությունը:

  • Կիսվել: