2021-ին գյուղատնտեսության աջակցության ծրագրերին կառավարությունը կհատկացնի 31.2 մլրդ դրամ․ Նախարար
Գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ կառավարության հատկացրած միջոցների ծավալը տարեվերջին կհասնի 29 մլրդ դրամ, կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի հատկացնել 31.2 մլրդ դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Արդեն իսկ գարնանը, երբ պարզ դարձավ, որ համավարակը պետք է մեծ չափով ազդի տնտեսական ակտիվության վրա, մենք վերանայեցինք կառավարության անելիքները գյուղատնտեսության ոլորտում: Հասկանալի էր, որ մենք պետք է էապես ավելի մեծ աջակցություն ցուցաբերեինք տնտեսության այն ոլորտին, որն առաջին հերթին կարող է պարենային ապահովության երաշխիքներ ստեղծել: Այն իր ապակենտրոնացվածության շնորհիվ թույլ էր տալիս ստեղծել ներառական տնտեսական ակտիվություն և դրանով մեղմել այն տնտեսական վնասները, որ կարող էին առաջանալ համավարակի արդյունքում: Այդ ամենի արդյունքում մենք սպասում ենք, որ 2020-ին կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող աջակցության ծրագրերի ուղղությամբ հատկացված կլինեն 29 մլրդ դրամին հասնող ֆինանսական միջոցներ: Ընդ որում, դրանք բոլորն էլ շարունակական են»,- ասաց նախարարը:


