հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանը երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու. Անդրանիկ Քոչարյան

 2024 թվականին բյուջեն կարող է դիտարկվել որպես անվտանգային բյուջե։  Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ֆինանսների նախարարը ներկայացրեց մի թիվ՝ 555 միլիարդ դրամ, որն ավելի է, քան 2023 թվականին նախատեսված ծախսերը, բայց այստեղ շատ կարևոր էր, որ փակ մասում քննարկվեց դրա կառուցվածքը կապված սպառազինության և այն բոլոր իրականացվող ծրագրերի հետ»,-ասաց Քոչարյանը։

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը որոշ մանրամասներ ներկայացրեց հանձնաժողովի փակ նիստի քննարկումներից։

«Հանձնաժողովի փակ նիստում քննարկվել են սպառազինության ծավալները, որը միայն պաշտպանական բնույթի են։

Բայց հիմնական գաղափարը, որը դրված է սպառազինության բովանդակության մեջ, դրանք, բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նորը։ Երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն Հայաստանի Հանրապետությունը ձեռք չի բերելու։ Եվ մեր ռազմավարությունն այդ առումով անշեղորեն իրականացնելու է այդ խնդիրը։

Խոսվեց նաև ամրաշինական աշխատանքների մասին։

«Վերջին 26 տարվա մեջ, կարծում եմ, այն ծավալի ամրաշինական աշխատանքներ, որ տարբեր հատվածներում արվել են, արվել են այնպիսի ծավալով և այնպիսի որակով, որ եթե մենք ունենայինք, վստահաբար կարող էինք ասել, որ 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ պատգամավորները ևս ծանոթացել են այդ աշխատանքներին:

Անդրադառնալով 2024-ին պաշտպանության ոլորտին ուղղված հատկացումներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Հաստատում եմ, որ 2024-ի բյուջեն անվտանգությանը միտված հատկացումներ են: Մնում է՝ այդ հատկացումները մենք բոլորս միասին այնպես իրացնենք, որպեսզի հաջորդ տարվա բյուջեն քննարկելու ժամանակ չասենք, որ այստեղ ունեցել ենք թերացում: Այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, թերացումների մասին խոսելը պետք է բացառել, իսկ թերացողները պետք է պատժվեն ամբողջ խստությամբ»:

 

  • Կիսվել: