Գումարի դիմաց զինծառայության կրճատման օրինագիծը ԱԺ հանձնաժողովում չստացավ դրական եզրակացություն
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու մասին նախագիծը, որը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, բացասական եզրակացություն ստացավ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:
Հանձնաժողովի անդամներից միայն հինգը քվեարկեց կողմ, չորսը՝ դեմ, մեկը՝ ձեռնպահ։ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/4-ը: Տվյալ դեպքում անհրաժեշտ էր 6 կողմ ձայն, որպեսզի նախագիծն ընդունված համարվեր։
Սարգսյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում էր սահմանել մի շարք տարբերակներ՝ պարտադիր զինծառայության տարբեր ժամկետներով անցնելու և համապատասխան վճար կատարելու հնարավորություն՝ օրինակ՝1 ամիս ծառայություն՝ 24 մլն դրամ վճար, 4 ամիս ծառայություն՝ 18 մլն դրամ։
Սարգսյանն առաջարկում էր նաև, որ մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետական վճար սահմանվի 15 մլն դրամի չափով։
Նախագիծը նաև ներառում էր առողջական խնդիրների հիմքով զինծառայությունից ազատման մեխանիզմների վերանայում, մասնավորապես՝ որոշ սահմանափակումներով ծառայության ներգրավման հնարավորությամբ (օրինակ՝ կարճատեսություն ունեցող քաղաքացիներին՝ ոչ մարտական ծառայության մեջ)։ Նաև առաջարկվում էր սահմանել քրեական պատասխանատվություն՝ առողջական վիճակը պարզելու համար փորձաքննությունից կամ նմուշառումից հրաժարվելու դեպքում։
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը շուրջ մեկ տարի քննարկվել է, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ՝ պաշտպանության նախարարի և այլ գերատեսչությունների մասնակցությամբ։ Նախագիծը, ըստ Սարգսյանի, ներկայացվել է վարչապետին 2024 թվականի հունվարին, որի հիման վրա ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, և միայն կոնսենսուսի հասնելուց հետո է այն դրվել շրջանառության մեջ։
Կառավարության դիրքորոշումը ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ընդգծելով, որ նախագիծը պետք է ենթարկվի կարգավորման կառավարության մակարդակով և նախատեսի ծառայության կրճատման դիմումների քանակի քվոտավորում։ Նա նշեց, որ կառավարության կողմից նախընտրելի տարբերակ է 24 մլն դրամ վճար՝ մեկ ամսվա ծառայության համար, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար 15 մլն դրամ՝ որպես հանրային-իրավական պարտավորություն։
Հայկ Սարգսյանը շեշտեց, որ նախագիծը միտված է արդարության հաստատմանը, որովհետև ներկայում «կոռուպցիայի ու քաղաքացիությունից հրաժարվելու միջոցով շատերը խուսափում են ծառայությունից»․
«Պետք է այնպես անենք, որ նվազագույնի հասցնենք կոռուպցիոն ճանապարհով բանակից խուսափելու դեպքերը և խրախուսենք, որ քաղաքացին գա և օրինական եղանակով ծառայի»,- ասաց Սարգսյանը։
Նա հավելեց, որ 2023-ին միայն «մտավոր հետամնացության» հիմքով ծառայությունից ազատվել է ավելի քան 500 քաղաքացի, իսկ 2024-ին այդ թիվը նվազել է մինչև 220։ Կառավարության 404 որոշման արդյունքում առողջական հիմքով ազատումների թիվը կտրուկ նվազել է՝ 2022-ի 1425-ից 2024-ին հասնելով 158-ի:
Նրա խոսքով՝ պարտադիր զինծառայության ենթակա քաղաքացիների 69 տոկոսը չի անցնում ծառայություն։ 80-82 տոկոսը՝ առողջական պատճառաբանությամբ, 4 տոկոսը՝ զորակոչի չի ներկայանում, տարեկան կտրվածքով 2000-ից ավելի անձ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից։
Սարգսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները միտված են խտրականության նվազեցմանը և բարեխիղճ ծառայողների համար առավելությունների ստեղծմանը, օրինակ՝ ծառայության կրճատում մինչև 1.5 տարի, ֆինանսական խրախուսում և պահեստազորային ռեսուրսի ձևավորում։
Հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կտրուկ քննադատեց նախագիծը՝ այն հակասահմանադրական որակելով։ Նրա համոզմամբ՝ այն խախտում է Սահմանադրության հավասարության սկզբունքը, ըստ որի՝ բոլոր քաղաքացիները օրենքի առջև պետք է հավասար լինեն։
«Եթե օրենքով սահմանվում է, որ որոշ քաղաքացիներ կարող են ծառայել 1 կամ 4 ամիս՝ մեծ գումար վճարելով, իսկ մյուսները՝ 24 ամիս՝ սոցիալական խոցելի վիճակի պատճառով չկարողանալով վճարել, ապա այստեղ առկա է խտրականություն։ Այդ խտրականությունը բխում է ոչ թե օրենքի ձևակերպումից, այլ դրա գործնական հետևանքներից։ Սրանով մենք ձևավորում ենք սոցիալական տարբերություն բանակում ծառայության հիմքով, ինչը արդեն իսկ հակասահմանադրական է», – նշեց Գրիգորյանը։
Նա հավելեց, որ օրենքն օբյեկտիվորեն դառնում է հակասահմանադրական, քանի որ սոցիալապես ավելի բարեկեցիկ ընտանիքներից քաղաքացիները կկարողանան կարճ ժամկետով ծառայել կամ ընդհանրապես չծառայել, իսկ մյուսները՝ ոչ միայն ծառայելու են լիարժեք ժամկետով, այլև, հնարավոր է, ստիպված լինեն ֆինանսական պարտավորությունների (օրինակ՝ վարկերի) տակ ընկնել՝ իրենց երեխաներին կարճաժամկետ ծառայության հնարավորություն ապահովելու համար։
Ի պատասխան՝ օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նշեց, որ խտրականություն ինքը չի տեսնում՝ ընդգծելով, որ օրենքը բացառում է սոցիալական կամ իրավական խտրական մոտեցում։
«Օրենքը չի ասում՝ ով ունի գումար, կարող է օգտվել։ Օրենքը ասում է՝ ով վճարում է՝ օգտվում է։ Այսինքն՝ սա վերաբերում է բոլորին հավասարապես։ Այս համակարգը գործում է նաև եվրոպական երկրներում, և մեր քաղաքացիները, որոնք այսօր խուսափում են ծառայությունից կամ հրաժարվում են քաղաքացիությունից, պետք է ունենան օրինական հնարավորություն՝ վճարելու և ծառայելու ավելի կարճ ժամկետով»,-նշեց Սարգսյանը։
Նա նաև հավելեց, որ այս մեխանիզմը թույլ կտա նվազեցնել արտագաղթը, բացահայտել ծառայությունից խուսափողների իրական թիվը, և փոխարենը ձեռք բերել պահեստազորային և պայմանագրային լրացուցիչ ռեսուրս։ Միաժամանակ, խոստովանեց, որ սոցիալական հավասարությունը նախագծի պարագայում զգայուն հարց է, բայց ընդգծեց՝ ներկայիս համակարգն էլ արդար չէ։
«Այսօր ունենք դեպքեր, երբ մեկ դասարանում միայն մեկ աշակերտ է ծառայում բանակում, քանի որ մյուսները կամ քաղաքացի չեն, կամ խուսափել են։ Սա արդա՞ր է»,- հարցրեց Սարգսյանը։
Աննա Գրիգորյանը, սակայն, հակադարձեց՝ ընդգծելով, որ օրենքը փաստացի օրենքի առջև հավասարության սկզբունքը ոչ թե ամրապնդում է, այլ խարխլում, քանի որ գործնականում այն օգտակար է դառնում միայն սոցիալապես առավել ապահով խավի համար։