ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ադրբեջանում երրորդ գերու մահվան դեպքը. ՄԻԵԴ-ը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը

Ադրբեջանում երրորդ գերու մահվան դեպքը. ՄԻԵԴ-ը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը

Ադրբեջանը շարունակում է անտեսել իր դեմ Եվրադատարանի կիրառած միջանկյալ միջոցը և խուսափում հայ գերիներին վերադարձնելու պահանջից: Ավելին՝ նույնիսկ գերեվարվածների մասին հստակ ապացույցների դեպքում չի ապահովում նրանց կյանքի իրավունքը: Իսկ որ այն վտանգված է, կասկածից վեր է. վերջերս հաստատվեց ադրբեջանցիների տարածած տեսանյութերից մեկում ֆիքսված Էրիկ Մխիթարյանի սպանության փաստը, գրում է 1lurer.am-ը:

18-ամյա Էրիկ Մխիթարյանի սպանության դեպքն այս պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերության մեջ մահվան երրորդ դեպքն է: Հադրութում ձերբակալված երկու քաղաքացիական անձի՝ Արսեն Ղարախանյանի և Էդուարդ Շահգելդյանի մարմիններն ավելի վաղ փոխանցվել էին հայկական կողմին:

Լիպարիտ Դրմեյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար) -  Ունենալով հստակ ապացույցներ, վիդեոտեսանյութեր անձանց գերության մեջ գտնվելու մասին՝ ցավոք, նրանց կյանքի իրավունքը Ադրբեջանի կողմից չի պահպանվել: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը խախտել է Եվրադատարանի կողմից իր դեմ կայացրած որոշումները:

Երեք անձի գերությունը փաստող տեսանյութերը հրապարակել են ադրբեջանցիները: Փաստաբաններն Էրիկ Մխիթարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը Եվրադատարան են ուղարկել նոյեմբերի 26-ին: 4 օր անց ՄԻԵԴ-ը բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու միջնորդությունը: Ո՛չ Էրիկ Մխիթարյանի և ո՛չ էլ մյուս երկու քաղաքացիական անձի գերության փաստը Բաքուն չէր հաստատել:

Լիպարիտ Դրմեյան -  Էրիկի մասով դիմում ներկայացված է եղել, բայց Ադրբեջանը չի հաստատել, վիդեոտեսանյութում նա հստակ երևացել է:

Էրիկ Մխիթարյանը մարտական գործողություններին մասնակցել է Մեխակավանում ու Հադրութում: Նրա մահվան լուրը հաստատվել է ապրիլի 8-ին: Մահվան փաստը հաստատելու համար կատարվել է ԴՆԹ չորս հետազոտություն:

Ռազմիկ Մխիթարյան (Էրիկ Մխիթարյանի հորեղբորորդին) - Չորս հետազոտություն է իրականացվել, այո՛, հաստատվել է: Էրիկի հուղարկավորությունը երեկ էր՝ Կաթնաջուր գյուղում:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելում են անձանց, որոնց գերության փաստը հաստատվում է:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) - Մեր տեսակցությունների նպատակն առաջին հերթին՝ մարդկանց հնարավոր անհետացումները կանխելն է մի կողմից, մյուս կողմից՝ պարբերական այցերի միջոցով հիշեցնելով կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով կանխել վատ վերաբերմունքը, վերահսկել պահման պայմանները:

Բաքուն հաստատել է 72 անձի գերության փաստը, մինչդեռ այս պահին 183 անձի վերաբերյալ կա դեռևս ուժի մեջ գտնվող ՄԻԵԴ-ի որոշում: Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն ակնկալում է, որ գերիների հարցը մոտ ապագայում կմտնի Նախարարների կոմիտեի օրակարգ:

 

  • Կիսվել: