կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը  Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Մատենադարանի տնօրեն  Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում և գիտական մասնաշենքում:

Մշտական ցուցադրությունների սրահում նախարար Գիորգի Ամիլախվարին ծանոթացել է հայկական ձեռագրերին և ձեռագրակազմերին: Նվիրատուների ցուցասրահում ներկայացվել են Մատենադարանում պահվող վրացերեն ձեռագրերը: Վերականգնման բաժնում Վրաստանի նախարարը հանգամանորեն ծանոթացել է  հին ձեռագրերի մշակման և վերականգնման գործընթացներին:

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախարար Գիորգի Ամիլախվարիին ներկայացրել է  2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակության` Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն կատարած պաշտոնական այցի արդյունքները: Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում Մատենադարանի տնօրինության հրավերով նախատեսվում է կենտրոնի հայագիտական բաժնի աշխատակիցների մեկշաբաթյա այց Երևան, ինչպես նաև Կ.Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զազա Աբաշիձեի մասնակցությունը հուլիսին կայանալիք միջազգային հայագիտական կոնգրեսին։

  • Կիսվել: