Պատերազմական տարիների մեղեդիներ. Երևանում Մոսկվայի տանը նշվեց Հաղթանակի 80-ամյակը
Պատերազմական տարիների հայտնի ու սիրված երգեր, ինչպես նաև ռուս և հայ կոմպոզիտորների ժամանակակից ստեղծագործություններ հնչեցին Մոսկվայի տան բեմից՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական համերգի ընթացքում: Միջոցառումը կազմակերպել էր Մոսկվայի կառավարությունը, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում Մոսկվայի տունը:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանն ընդգծեց, որ այս համերգը ևս մեկ հնարավորություն է գլուխ խոնարհելու Հաղթանակի համար զոհված հերոսների հիշատակի առջև: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մեր վետերաններին։ Մեծ Հաղթանակի հիշատակը կարտացոլվի նաև այս ողջ հոբելյանական տարվա ընթացքում մեր կողմից կազմակերպվող մի շարք միջոցառումներում։ Սա շատ կարևոր է պատմական հիշողության պահպանման և փոխանցման համար։ Անձամբ ինձ համար Հաղթանակի օրը ամենակարևոր տոներից մեկն է։ Իմ պապը՝ պատերազմի վետերան Վլադիմիր Բադալյանը, բժիշկ էր պաշարված Լենինգրադում։ Ուստի ես հպարտ եմ, որ մեր ընտանիքի ներկայացուցիչը նույնպես կռել է Հաղթանակը», – նշել է Հայկ Մելիքյանը։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Ռոմանիչ բենդ» խմբի տաղանդավոր երգիչներն ու երաժիշտները՝ հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովի գլխավորությամբ, և Հայաստանի ազգային երգչախմբի մենակատար, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Արթուր Աղաջանովը։ Երեկոն վարեց Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանը։
Պատերազմական երգերից ու բանաստեղծություններից բացի, այդ հերոսական տարիների մթնոլորտը վերստեղծվեց էկրանին ներկայացված տեսանյութերի և լուսանկարների, ինչպես նաև հայ վետերանների հիշողությունները ներկայացնող տեսահոլովակների ցուցադրությամբ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի դեսպանատների, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի», 102-րդ ռազմաբազայի, Ռուս ուղղափառ եկեղեցու, Հայաստանի վետերանների միավորման, ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ։
«Հայրենական մեծ պատերազմը նաև մեր պատերազմն էր, քանի որ մենք մեծ խորհրդային ընտանիք էինք։ Եվ հայերը հսկայական ներդրում ունեցան Հաղթանակին հասնելու գործում, մեր հայտնի մարշալներն ու շարքային զինվորները կռվեցին պատերազմի բոլոր ճակատներում։ Ես հպարտ եմ, որ աշխատում եմ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, որոնց համար նման միջոցառումները վերածվում են իսկական տոնի՝ երկարացնելով նրանց կյանքը», – իր տպավորություններով կիսվեց Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։
Համերգից հետո հյուրերը ծանոթացան «Պատերազմը իմ երկրի պատմության մեջ» լուսանկարների ցուցադրությանը, որը պատմում է Հաղթանակում հայ ժողովրդի ունեցած ներդրման մասին։ Ցուցասրահի կենտրոնում տեղադրված էր խորհրդանշական Հիշատակի ծառը՝ պատերազմի մասնակիցների լուսանկարներով։ Հյուրերը նաև լուսանկարվեցին կենտրոնի նախասրահում տեղադրված Հաղթական կամարի մակետի մոտ: