կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կհրատարակվեն Թբիլիսիի ձեռագրերի ազգային կենտրոնի հայերեն և Մատենադարանի վրացերեն ձեռագրերի ցուցակները

Կհրատարակվեն Թբիլիսիի ձեռագրերի ազգային կենտրոնի հայերեն և Մատենադարանի վրացերեն ձեռագրերի ցուցակները

2024 թ․ մարտի 18-19-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

«Տնօրեն Զազա Աբաշիձեն, ողջունելով պատվիրակությանը, անդրադարձ է կատարել կենտրոնի և Մատենադարանի համագործակցության պատմությանը, ներկայացրել հայագիտական բաժնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել պատասխան այցի համար։

Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկայում նախաձեռնել հայ-վրացական աշխատաժողովներ, համատեղ ջանքերով հրատարակել կենտրոնում պահպանվող հայերեն ձեռագրերի և փոխադարձաբար՝ Մատենադարանում պահպանվող վրացերեն ձեռագրերի ցուցակները, համագործակցել ապագայում ներդրվող մագիստրոսական ծրագրի և երիտասարդ կարդերի վերապատրաստման շրջանակում։

Առաջիկայում նախատեսվում է կենտրոնի հայագիտական բաժնի աշխատակիցների մեկշաբաթյա այց Երևան, ինչպես նաև տնօրեն Զազա Աբաշիձեի մասնակցությունը հուլիսին կայանալիք Միջազգային հայագիտական կոնգրեսին»,- գրել է նա։

  • Կիսվել: