կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ կինոն 100 տարեկան է. հոբելյանական տարին հագեցած կլինի մի շարք պրեմիերաներով, փառատոններով և հիշարժան միջոցառումներով

Հայ կինոն 100 տարեկան է. հոբելյանական տարին հագեցած կլինի մի շարք պրեմիերաներով, փառատոններով և հիշարժան միջոցառումներով

Հայ կինոն 2023 թվականին նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  մեդալներով և  շնորհակալագրերով պարգևատրեց ոլորտում իրենց ավանդն ու ներդրումն ունեցած կինոգործիչներին:

ԿԳՄՍ նախարարը, պարգևատրելով կինոգործիչներին նշեց, որ երբ այսօր խոսում են հայ կինոյի 100-ամյակից, առաջին հերթին խոսում են կոնկրետ մարդկանց և նրանց ներդրման մասին և պետք է արժևորել այդ ներդրումը՝ արտահայտելով գնահատանքի այն ձևերով, որոնք կան և գործում են:

 

«Չնայած տեխնոլոգիաները և ժամանակները փոխվում են, բայց կինոն մեր կյանքում շարունակում է մնալ,  կինոն ինչ-որ առումով ներկայացնում է նաև արվեստի դեմքը հանրության առաջ»,-ասաց նա:

Նա նշեց, որ հոբելյանի առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր:

Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական: Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Հանդիսավոր երեկո» միջոցառմամբ:

Միջոցառումը կիրականացվի «խոսող» էկրանի միջոցով, որը միջոցառման ամբողջ ընթացքում «կշփվի հանդիսատեսի հետ» և առաջին դեմքով «կպատմի» կինոյի մասին՝ ներկայացնելով անցած ուղին ու սպասումները: Անդրադարձ կկատարվի նաև մուլտմիավորման 85-ամյակին:    

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով բոլորին կինոյի 100-ամյակի առթիվ, նշեց.  «Կինոն միայն արվեստ չէ, այն անգերազանցելի լծակ, գործիքակազմ է երկրի միջազգայնացման, միջազգային համագործակցությունն ընդլայնելու և քաղաքական փափուկ ուժի կիրառման տեսակետից և հենց այս գիտակցումից է, որ մենք հոբելյանական տարեթիվը դիտում ենք որպես կինոարվեստի և անցյալի վերաիմաստավորման և ներկայի խնդիրները մեղմացնելու, ինչպես նաև ապագան կանխանշելու մի փայլուն առիթ»,- ասաց Խզմալյանը:

Անդրադառնալով հոբելյանական տարվա միջոցառումներին, Խզմալյանը կարևորեց այն, որ միջոցառումները կիրականցվեն նաև մարզերում:                    

««Հայկական կինոդար» ծրագրով ՀՀ 10 մարզում կցուցադրվեն շուրջ 100 հայկական լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական, խաղարկային), որոնց թվում կլինեն նաև հայկական կինոժառանգության վերականգված ֆիլմեր: «Կինոդպրոց Դեբետ համայնքում» և «Մարդը բարձրագույն արժեք է» ծրագրերով ՀՀ մարզերում կանցկացվեն կինոաշխատարաններ՝ մանկապատանեկան և երիտասարդ սերնդի համար: Երևանում և մարզերում կիրականացվի «Մուլտիպլիկացիոն և անիմացիոն կինոյի շաբաթ» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն հայկական մուլտիպլիկացիոն և անիմացիոն ֆիլմեր, կկայանան հանդիպումներ ստեղծագործական խմբերի հետ, կանցկացվեն վարպետության դասեր, տեղի կունենա երեկո՝ նվիրված Լև Ատամանյանին»,- ասաց Խզմալյանը:

Նա նշեց, որ «Սամուել Խաչիկիան-100» ֆիլմերի հետահայացք ցուցադրությունն առաջին անգամ կբացահայտի իրանահայ ամենանշանավոր ռեժիսոր Սամուել Խաչիկիանի ստեղծագործական ժառանգությունը, որի լավագույն նմուշներն ամբողջացնում են իրանական կինոյի ոսկե ֆոնդը։

«Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագիրը ներառում է նաև հեռուստատեսային բովանդակություն՝ «Եվ լողում է նավը» հեռուստահաղորդումը, որը նվիրված կլինի հայկական ժամանակակից կինոյին և հեղինակներին։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է հայկական կինոյի երախտավորներին նվիրված ֆիլմաշար, հայկական ֆիլմերի շաբաթական ցուցադրություններ և այլ նախագծեր»,- ասաց նա:

Խզմալյանը հավելեց նաև, որ Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի համատեքստում հարգանքի տուրք կմատուցվի նաև կենդանի լեգենդ Արտավազդ Փելեշյանին՝ 85-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյաննը նշեց, որ վերջին տարիներին բավականին ակտիվացել է կինոգործունեությունը, միջազգային և համաշխարհային հարթակներում՝ ընդգրկվելով տարբեր կարևոր կինոթառատոններում:

«Միջազգային միջոցառումների շրջանակում Հայաստանի կինոոլորտի ներկայացուցիչները կմասնակցեն Կաննի միջազգային կինոփառատոնին կից «Marche du Film» կինոշուկային, ինչպես նաև կինոփառատոնի «Cannes Classics» ծրագրում կցուցադրվի հայկական կինոժառանգության լավագույն ֆիլմերից մեկը՝ «Բարև, ես եմ» (ռեժ. Ֆ. Դովլաթյան, 1965 թ.): Ինչպես նաև Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2022-2023 թթ. օրացույցում»,-ասաց կինոկենտրոնի տնօրենը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն էլ ուրախությամբ նշեց, որ հոբելյանի շրջանակում Կինոմիության դիմաց կստեղծվի աստղերի պուրակ: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին կինոգործիչների միությունում իրականացվել է հսկայական փոփոխություններ, այսինքն հայկական կինոյի համար կա հարթակ, որը վերաձևափոխվել է, ստեղծվել են ժամանակակից տեխնիկայով հագեցած դահլիճներ, որոնք կարող են լավագույն ձևով ներկայացնել և փառատոնները, և ֆիլմերը, քննարկումները և այլն:

«Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող միջազգային կինոփառատոների ծրագրերը ևս հագեցած են 100-ամյա հոբելյանական միջոցառումներով: Նախատեսվում են «Ոսկե ծիրան» միջազգային 20-րդ, «ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի 21-րդ, «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի 15-րդ և «Ռոլան» մանկա-պատանեկան ֆիլմերի 19-րդ միջազգային կինոփառատոները»,- եզրափակեց Հարություն Խաչատրյանը:

  • Կիսվել: