Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերին
Մենք վատ ենք վերաբերվում ցանկացած ապակառուցողական քարոզչությանը՝ լինի լրատվական, թե քաղաքական բնույթի։ Այս մասին ճեպազրույցի ժ-ամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ԼՂ-ում ռուս խաղաղապահների դեմ տեղեկատվական արշավին ադրբեջանական ԶԼՄ-ներում, Telegram ալիքներում, այդ թվում՝ պետական, հատկապես Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո:
Նա հավելել է. ՛՛Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների դերին և նրանց գործունեության գնահատականին, երեք երկրի ղեկավարներն այդ գագաթնաժողովի ընթացքում նշել են ռուսական խաղաղապահ զորակազմի առանցքային ներդրումը տեղակայման գոտում անվտանգության ապահովման հարցում և ընդգծել իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը տարածաշրջանում:
Դա արձանագրվել է համատեղ հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է դրա շուրջ հայտնվող կեղտին, ապա ցանկացած դրական, կառուցողական ու ստեղծագործական նախաձեռնություն միշտ բացասական ալիք է առաջացնում: Սա է մեր աշխարհի օրենքը՛՛: