Ուղերձը` խաղաղություն... Մայրաքաղաքի առաջին դպրոցի սաներն արժևորել են Գրքի տոնը (լուսանկարներ)
Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ:
Օրն արժևորել են Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի 2-րդ «Ա», «Բ», «Գ» և «Զ» դասարանների աշակերտները։
Ցերեկույթը նրանց դպրոցական կյանքի առաջին միջոցառումն է։ Հետպատերազմյան ծանր շրջանում հայոց այբուբենը սերտած փոքրիկներն առաջին անգամ են բեմից հնչեցնում մայրենին:
Դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանն իր խոսքում կարեւորեց օրվա խորհուրդը և ընդգծեց, որ յուրաքանչյուրն իր հերթին պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ:
«Մեր հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս 1-ին դասարանում, բայց այն օբյեկտիվ պատճառներով չկայացավ: Սակայն կարևորն այն է, որ այսօր հանդիպեցինք հենց մեր հայրենի հողի վրա:
Երեխաների փոքրիկ ելույթն իր մեջ մեծ բովանդակություն է պարունակում, նրանք ժպտում են, և դա է էականը. նրանք խոսում են մայրենի լեզվով: Մեր մանուկներն իրենց խոսքով կարևոր ու մեծ գաղափարներ արտահայտեցին:
Մենք էլ պետք է մեզ պարտավորված զգանք և անենք մեզանից կախվածը, որպեսզի մեր մանուկները խաղաղ մանկություն ունենան և այլևս ոչ մի պատերազմ չտեսնեն, քանզի նրանք են մեր ապագան»,-ընդգծել է տնօրենը:
Ծնող Տաթևիկ Պողոսյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցերեկույթն Արցախի մանուկների հայեցի դաստիարակության հերթական առհավատչյան է։



Ցերեկույթի վերջում օրվա խորհրդով երեխաներին նվիրեցին գրքեր` Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն: