հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ծննդավայր և աշխատանք կորցրած բուժաշխատողները հիմնականում աշխատանքի են անցել Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում. Արարատ Օհանջանյան

Ծննդավայր և աշխատանք կորցրած բուժաշխատողները հիմնականում աշխատանքի են անցել Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում. Արարատ Օհանջանյան

Պատերազմի հետևանքով Արցախի բոլոր բնակավայրերի բուժմիավորումներն այս կամ այն չափով տուժել են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը:

Նրա խոսքով՝ ամենից շատ ավերածությունները գրանցվել են Ստեփանակերտի նոր ծննդատան շենքում, որը դեռևս շահագործման չէր հանձնվել:

‹‹Պետք է նշեմ, որ ծննդատան նոր շենքում ավերածությունները շատ-շատ են, և ներկայումս տեղից աշխատել հնարավոր չէ: Շենքը կարիք ունի կապիտալ վերանորոգման, և 1-2 օրվա ընթացքում եղած գույքը տեղափոխվել է ծննդատան հին շենք››,- ավելացրել է Ա. Օհանջանյանը:

Ի դեպ, նոյեմբերի 15-ից առ այսօր Ստեփանակերտի մոր և մանկան պահպանման կենտրոնում գրանցվել է 8 ծնունդ: Պատերազմի օրերին ևս ՀՀ-ում ծնվել են բազմաթիվ արցախցի փոքրիկներ, սակայն նրանց թիվը վերջնականորեն հստակեցված չէ:

Առողջապահության նախարարը հայտնել է, որ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ են անցել Շուշիի և Հադրութի շրջանային բուժմիավորումները, ինչպես հանրապետության մյուս շրջանների որոշ բնակավայրերի բուժկետներ: Առայժմ հայտնի չէ իրենց բնակավայրերը կորցրած բժիշկների ճակատագիրը, սակայն, ըստ Ա. Օհանջանյանի, այն բժիշկները, ովքեր մնացել են Արցախում, հիմնականում աշխատանքի են տեղավորվել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում, որոշներն էլ արդեն տեղափոխվել են ՀՀ:

Ա. Օհանջանյանը նշել է, որ պատերազմի օրերին 3-4 վիրահատարանների փոխարեն, գործել են միանգամից 10-ը: Հիմնականում աշխատում էին տեղի բժիշկները, սակայն մեծ չափով մասնագետներ են ժամանել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Արցախում էին ՌԴ մեր հայրենակից բժիշկները:

Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս Ստեփանակերտի բուժհիմնարկները և շրջանային բուժմիավորումները լրիվ ծավալով անցել են իրենց բնականոն աշխատանքին. իհարկե, դեռ ընթացիկ աշխատանքներ կան, սակայն, ըստ նախարարի, հիվանդանոցները պատրաստ են ընդունելու հիվանդներին և իրականացնելու պլանային վիրահատություններ:

  • Կիսվել: