ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակետցի հայտնի տիկին Դոնարան Երեւան է բերել ժենգյալով հացի իր հայտնի բիզնեսը

Ստեփանակետցի հայտնի տիկին Դոնարան Երեւան է բերել ժենգյալով հացի իր հայտնի բիզնեսը

Արցախցից բռնի տեղահանված տիկին Դոնարան արցախցի իր գործընկերների՝ Արմինեի, Զվարթի, Ռաթխայի հետ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի 2/4 հասցեում ժենգյալով հաց է պատրաստում։ NEWS.am-ին տիկին Դոնարան պատմում է, որ Ստեփանակերտի շուկայում էլ նույն թիմով էին աշխատում։ Տիկին Դոնարայի ժենգլյալով հացն ամենահայտնին էր՝ ոչ միայն Արցախում, այլեւ Երեւանում։ 

Նա արդեն ավելի քան 30 տարի ժենգյալով հաց է պատրաստում, բաղադրատոմսով, որը դեռ 12 տարեկանում էր սովորել արցախցի հորաքրոջից։ Արցախից բռնի տեղահանվելիս Տիկին Դոնարան իր սննդի կետից միայն վառարանն է կարողացել Հայաստան բերել։ 

Տիկին Դոնարան ասում է՝ այժմ Հայաստանում ժենգյալով հացի պատրաստման համար նախատեսված 17 կանաչատեսակներից միայն տասը կա։

30 տարի՝ անգամ պատերազմների ժամանակ տիկին Դոնարայի գործն Արցախում կանգ չի առել։ 44-օրյայի օրերին անվճար ժենգլայով հաց էր բաժանում առաջին գիծ մեկնողներին․ «Կռվի ժամանակից 5 տարի փեչի վրա թխել ենք, հոսանք ու գազ չի եղել, հետո երբ հոսանք արդեն եկավ արդեն սկսեցինք հոսանքով թխել։ Ինձ շատ լավ կլիենտներ ունեմ Երեւանից, Ղարաբաղից, որ եկել եմ այստեղ, 5 րոպեն մեկ զանգում ու ասում են՝ լավ է, որ այստեղ եկաք»։

Տիկին Դոնարան հիշում է Արցախը բլոկադայի շրջանում, երբ սնունդ չկար, սեւ ալյուրով է ժենգյալով հաց թխել․ «Բլոկադայի ժամանակ ոչ մի բան չի եղել, վերջին 2 ամիսը ոչինչ չի եղել, թխել ենք սեւ ալյուրով, ասում էին՝ մեր ժինգյալով հացի որակը վատացել է, սիրուն չի եղել, ամբողջ խմորի վրա ալյուրի թեփն է եղել»։

Տիկին Դոնարան ընտանիքի հետ բավականին ուշ՝ սեպտեմբերի 28-ին է դուրս եկել Արցախից, ասում է՝ թշնամուն 5 տուն է թողել․ «Դժվար ենք դուրս եկել։ Դե ինչ անեինք, ասել էին՝ պիտի դուրս գաք, 5 հատ տուն ենք թողել, եկել։ Նորից սկսում ենք։ Լավ է, ոչինչ, մենք այստեղ լավ մարդու ենք պատահել, էս մարդը մեզ սաղ տրամադրել է, շատ ուրախացանք, ասաց՝ բոլորը ձերն է, ոնց ուզում եք, աշխատացրեք»։

Արցախի շունչը, որը տիկին Դոնարան ստեղծել է Երեւանի այս անկյունում, տունն ու հայրենիքը կորցրած կնոջ միակ սփոփանքն է։ Աշխխատանքային լեցուն օրը նրան հաջողելու վստահություն է տալիս։

  • Կիսվել: