ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտը հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկացրել է ՌԴ խաղաղապահներին. ԱՀ նախագահի խոսնակ

Ստեփանակերտը հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկացրել է ՌԴ խաղաղապահներին. ԱՀ նախագահի խոսնակ

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Այդ մասին տեղեկացրել ենք խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, որպեսզի ապագայում նման դեպքերը բացառվեն։ Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, մեկ անգամ ևս խոսում է ոչ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ապակառուցողական վերաբերմունքի մասին, այլև Արցախի ժողովրդի հետ կողք-կողքի ապրելու անհամատեղելիության մասին»,-նշեց խոսնակը։

Նրա խոսքով, տեղի ունեցածը ևս մեկ կարևոր ազդանշան է, որ Արցախի  կարգավիճակի խնդիրը պետք է շատ արագ լուծվի և նմանատիպ դեպքերն ավելի խիստ քննության առնվեն։
«Հույս ունեմ, որ խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն տեղի ունեցածն անուշադրության չի մատնելու և պատշաճ քննություն է իրականացվելու»,-ասաց Պողոսյանը։

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

  • Կիսվել: