Ստեփանակերտում ռազմականացված հնգամարտի մրցումներ են կազմակերպվել
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում կազմակերպվել են Ռազմականացված հնգամարտի մրցումներ, որոնց մասնակցում էր չորս թիմ:
Ռազմականացված հնգամարտը կազմակերպվել էր ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՊԲ համատեղ ջանքերով:
ԱՀ ԿԳՄՍ նախարարության Նախազորակոչային պատրաստության բաժնի պետ Դավիթ Օհանջանյանը մեզ հետ զրուցում ասաց, որ, բաժնի աշխատանքային տարվա պլանի համաձայն, նախատեսված է ամեն տարի մայրաքաղաքի և շրջանների 8-9-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել նման միջոցառումներ:
«Մասնակից թիմերը իրենց իսկ շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում գրավել են համապատասխան մրցանակային տեղեր, և ձեռք են բերել ռազմականացված հնգամարտի հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն: Միջոցառումը նպատակ է հետապնդում աշակերտների մոտ ձևավորված տեսական գիտելիքները կիրառել գործնականում և ի հայտ բերել առավել պատրաստված տղաների»,- նշեց Դ. Օհանջանյանը և հավելեց, որ մրցույթի հաղթողները ԱՀ ԿԳՄՍ նախարարության և ՊԲ կողմից կպարգևատրվեն արժեքավոր նվերներով, դրամական պարգևներով:
Մարտունու շրջանի թիմի մարզիչ Ղարիբ Ահարոնյանի խոսքով՝ թիմը բազմաթիվ անգամներ մասնակցել է ռազմականացված հնգամարտի մրցումների և գրավել մրցանակային առաջին տեղ:

