Ստեփանակերտում միջազգային գիտաժողով կկազմակերպվի
Հոկտեմբերի 29-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի նախաձեռնությամբ կկայանա «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը՝ հավելելով, որ բուհի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում նախատեսվում են զեկույցներ, որոնք վերաբերում են Արցախում կրթության ու գիտության զարգացմանը:
Մեր զրուցակցի համոզմամբ, թեման արդիական է, քանի որ կրթությունն ու գիտությունը պետության ու տնտեսության զարգացման գրավական են հանդիսանում:
«Գիտաժողովին մասնակցելու են գիտնականներ ինչպես Արցախից ու Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Հարավային Օսեթիայից: Այդ ընթացքում բուհի գրադարանում կազմակերպվելու է ցուցահանդես, որտեղ ցուցադրվելու են 25 տարիների ընթացքում համալսարանի կողմից հրատարակված աշխատությունները, դասախոսների գիտական աշխատանքները, մենագրություններ, հոդվածների ժողովածուներ»,-մանրամասնեց Հ.Ավանեսովը: