Ստեփանակերտում մեկնարկել է ուսանողական տարեկան գիտաժողովը
Այսօր՝ մայիսի 11-ին, Արցախի պետական համալսարանում մեկնարկել է ուսանողական տարեկան գիտաժողովը՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին:
Այսօր՝ մայիսի 11-ին, Արցախի պետական համալսարանում մեկնարկել է ուսանողական տարեկան գիտաժողովը՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական միության ջանքերով կազմակերպված գիտաժողովի մասնակիցները նախ հարգանքի տուրք են մատուցել ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակին:
Գիտաժողովին բացման խոսքում բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ուսանողական գիտաժողովները հաճախ բախտորոշ դեր են ունենում ապագա գիտնականների կյանքում:
«Վերջին տասը տարում Մայր բուհի ամենամեծ ձեռքբերումներից ես կնշեի ուսանողական ինքնավարությունը: Նրանք բավականին ակտիվ են, ինչի ապացույցը կազմակերպվող տարեկան գիտաժողովներն են, որոնց մասնակցում են մեծ թվով ուսանողներ: Այսօրվա գիտաժողովին հայտագրվել է շուրջ 100 ուսանող, որից 40-ը Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից: Մենք հույս ունեինք, որ շրջափակումը կվերանա և մեր գիտաժողովին հայտագրված ուսանողներին կհյուրընկալեինք մեր բուհում, բայց նրանք գիտաժողովին, ցավոք, կմասնակցեն հեռավար եղանակով»,-ասել է Ա. Սարգսյանը:
Արցախի համար ոչ դյուրին պայմաններում Շարժման 35-ամյակին նվիրված գիտաժողովի կազմակերպումը ողջունել ու մասնակիցներին շնորհավորել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:
«Սա ոչ միայն վկայությունն է այն իրողության, որ մեր գիտական հիմքը ոչ միայն շարունակում է պահպանել իր կենսունակությունը, այլև՝ ձգտում է ուղղորդել գիտական ասպարեզում իրենց առաջին քայլերը կատարող ուսանողներին՝ ժամանակին համահունչ գնահատականներ տալու մեր երկրի համար մեծ կարևորություն ներկայացնող հիմնահարցերին»,-ասել է Ն. Մկրտչյանը:
Բացմանը հաջորդել են գիտաժողովի աշխատանքները մասնախմբերով՝ «Պատմություն», «Իրավագիտություն», «Բանասիրություն», «Բնական գիտություններ», «Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տնտեսագիտություն», «Մանկավարժություն», «Սպորտ», «Հոգեբանություն»:
Ուսանողական գիտաժողովի զեկուցումներում շեշտադրվել են հատկապես Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, շրջափակումն և հրատապ խնդիրները: