ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում դեկտեմբերի 10-ի խորհրդին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում դեկտեմբերի 10-ի խորհրդին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում Մարդու իրավունքների պաշտպանության, Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել` ազդարարելով երկօրյա դասընթացի մեկնարկը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասաց, որ քանի որ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունը իր գործունեության մեջ ունի նաև կրթական բաղադրիչ, ինչը իրենից ենթադրում է, որ ՄԻՊ-ը գործառույթ ունի մարդու իրավունքների իրազեկումը բարձրացնելու, աշխատելու տարբեր խմբերի հետ, որպեսզի իրազեկվածությունը, առհասարակ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարձր լինի, որոշել են հենց այս օրը կազմակերպել նման միջոցառում։

«Դասընթացները նվիրված են մարդու իրավունքներին և անվտանգությանը։ Առաջարկը «ԱՅԱ» նախաձեռնությանն էր, մենք էլ սիրով ընդունեցինք այն և որոշեցինք, որ պետք է մասնակցեն Արցախի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները։ Դասընթացների հիմնական թեմաներն են «Մարդու իրավունքներ», «Մարդու իրավունքների պաշտպանության դատական մեխանիզմներ», «Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակ», «Տնտեսական անվտանգություն»։ Կարծում եմ՝ հագեցած օրակարգ է, և միջոցառման ավարտից հետո մասնակիցները բավականաչափ գիտելիքներ կունենան հետագայում արդեն իրենց գործունեության մեջ կիրառելու համար», - ընդգծել է Գ. Ստեփանյանը։

Մեր զրուցակիցը համոզմունք է հայտնել, որ պետք է շատ ավելի խորը և շատ ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանությանը, մանավանդ, պայմանավորված 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներով։

«Այսօրվա դրությամբ արցախյան հիմնախնդրի կարգավորման մեր կարևորագույն հաղթաթուղթը պետք է լինի Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը», - հավաստիացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

«ԱՅԱ» նախաձեռնության հիմնադիր Իգոր Միրզախանյանի խոսքով` նախաձեռնության գլխավոր նպատակը հակամարտությունների ճանաչումն է, ուսումնասիրությունն ու վերլուծությունը։

«Նպատակ ունենք տարածելու հակամարտության մասին տեղեկատվություն ու հակամարտությունը դիտարկելու ոչ միայն մեր տեսանկյունից, այլև՝ օբյեկտիվորեն, թե որպես երրորդ պետություն, թե որպես միջազգային կազմակերպություն, կամ ցանկացած այլ հարթակ, որը բախվում է հակամարտության», - նշել է Ի. Միրզախանյանը։

 

  • Կիսվել: