Երևանի 70 մանկապարտեզում գործում է «Ռոբոտաշինություն» կրթական ծրագիրը
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ դեռևս 2024 թվականից Երևանի համայնքային մանկապարտեզներում ներդրել է «Ռոբոտաշինություն» կրթական ծրագիրը։
Մեկնարկային տարում ծրագիրն իրագործվել է 10, 2025 թվականին՝ 30, իսկ 2026 թվականին դրանց ավելացել է ևս 30 նախակրթական հաստատություն։ Ծրագրում ընդգրկված են ավագ խմբերի շուրջ 9800 երեխաներ։
Ծրագրի շրջանակում երեխաները զարգացնում են մի շարք կարևոր հմտություններ․
- Տրամաբանական մտածողություն․ որոշում են՝ ինչ հերթականությամբ պետք է գործի ռոբոտը՝ նպատակին հասնելու համար։
- Խնդիրներ լուծելու կարողություն․ երբ ռոբոտը սխալ ուղղությամբ է շարժվում, փորձում են հասկանալ պատճառը և ուղղել սխալը։
- Ստեղծարարություն․ կառուցում են, պատկերացնում և փորձարկում տարբեր լուծումներ։
- Ուշադրություն և կենտրոնացում․ հետևում են քայլերի հերթականությանը և նկատում արդյունքը։
- Թիմային աշխատանք․ միասին քննարկում են, բաժանում առաջադրանքներն ու օգնում միմյանց։
- Մանր մոտորիկա․ ռոբոտի մասերը հավաքելիս և միացնելիս զարգացնում են մատների ճշգրիտ շարժումները։



