Սփայիչը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչի գլխավորած պատվիրակությանը:
Ալիևն ընդգծել է, որ երկու երկրների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ: Նա վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը հաջող կլինի և կարևոր ներդրում կունենա երկկողմ համագործակցության ամրապնդման գործում:
Շեշտելով Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման շահագրգռվածությունը՝ Սպայիչն իր հերթին ասել է, որ երկրների միջև հարաբերությունները լավ հեռանկարներ ունեն: Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարում Չեռնոգորիայում, ինչը դրական ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա:
Սպայիչը նաև շնորհավորել է Ալիևին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում ձեռքբերումների կապակցությամբ:
Ադրբեջանի նախագահն էլ, ի պատասխան, վստահեցրել է, որ Բաքուն շարունակելու է ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակել ենթակառուցվածքային նախագծերի, էներգամատակարարման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետ կապված հարցերի վերաբերյալ:



