Ստեփանակերտում արցախցու վերածնունդը խորհրդանշող քանդակ է տեղադրվել
Նախօրեն Ստեփանակերտի «Մենք են, մեր սարերը» կոթողի հարակից տարածքում տեղադրվել է արցախցու վերածնունդը խորհրդանշող քանդակ։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է, ով իր բազմաթիվ աշխատանքները տարիներ շարունակ անձամբ է տեղադրել Արցախի զորամասերում։

«Զորամասերում իմ տեղադրած թուր-խաչերը հայտնի են իրենց խրոխտությամբ. դրանք խորհրդանշում են Աստծո՝ թրի նմանվող խոսքը։ Վերածնունդը խորհրդանշող քանդակն իմ հույսի արգասիքն է, և հուսանք, որ այն նաև բարության նշան է», - նշել է Վ. Համբարձումյանը և հավելել, որ քանդակի կողքին հետագայում կտեղադրվի նուռ, որը կնշանակի, որ վերածնունդը պտղաբեր է։

Նրա խոսքով՝ քանդակված ծառի ամեն մի ճյուղը մի փորձություն է, որը հայ ազգը պետք է կարողանա հաղթահարել ու վերածնվել, որովհետև հայի արմատը խորն է։ Քանդակի տեղադրման վայրի հարցում վարպետին ընդառաջել է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

«Վերածնունդ խորհրդանշող քարակերտ կոթողը պատերազմից հետո կտա իր պտուղները, և ազգը կվերածնվի։ Այս օրերին մենք Եղբայրական գերեզմանոցում ներկա ենք գտնվում մեր զոհված տղաների հիշատակին նվիրված միջոցառումներին. և զուգահեռաբար այս քանդակի տեղադրումը ինքնին խորհրդանշում է, որ ոչ մի բան չի մոռացվել, մենք հիշում ենք մեր տղաների սխրագործությունը, նայում ենք դեպի մեր ապագան մեր երեխաների համար վերածնվող հայրենիքում»,- ասել է Ստեփանակերտի փողքաղաքապետ Սամվել Ղուլյանը՝ հույս հայտնելով, որ նման քանդակներ կտեղադրվեն նաև Հանրապետության տարբեր շրջաններում, ու դա ժողովրդին նոր ոգի ու կամք կհաղորդի։


