երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուսաստանը կարող էր Գյումրիում իր ռազմաբազայի ցուցադրական ուժեղացում իրականացնել. Զատուլին

Ռուսաստանը կարող էր Գյումրիում իր ռազմաբազայի ցուցադրական ուժեղացում իրականացնել. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը "Պատրիոտ" մեդիախմբի եթերում պատասխանել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե իբր ինքը կոչ է անում ռուսական դեսանտայիններին ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ։

"Շատ քննադատություններ իմ գլխին թափվեցին այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը որոշեց վերաթողարկել իմ հարցազրույցը "Նորությունների ազգային ծառայությանը", որտեղ ես ասում էի, որ հակամարտության մեջ Թուրքիայի լայն ներգրավվածության ֆոնին, որքան մեզ հայտնի է, նույնիսկ Ղարաբաղում ռազմական գործողությունների ղեկավարման մեջ, եւ, համենայնդեպս, օդային հարձակումների եւ դրոնների գործողությունների համակարգմամբ, Ադրբեջանին այն տեխնիկայի վաճառքով, որոնք առավել մեծ վնաս են հասցնում ինչպես ռազմական ուժին, այնպես էլ հոգեբանորեն, ահա այդ համատեքստում ես ասում էի, որ պետք է ուժեղացնել ռազմական ներկայությունը ՀՀ-ում:

Փոխանակ այդ հարցազրույցը բարեխղճորեն վերատպել, եթե չեմ սխալվում, "ՌԻԱ Նովոստի" - ն առաջինը ֆեյք է հրապարակել այն մասին, որ Պետդումայում դիտարկում են դեսանտային գործողությունը Ղարաբաղում ։ Ոչ մի դեսանտային գործողություն Ղարաբաղում կամ Հայաստանում, իհարկե, Պետդումայում չեն դիտարկում։ Պետդուման այն տեղը չէ, որտեղ ռազմական գործողություններ են ծրագրում", - հայտարարել է Զատուլինը ։

Ռուս խորհրդարանականը նշել է, որ իր հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչ կարող էր անել Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու համար: "Իմ կարծիքով՝ Ռուսաստանը կարող էր Գյումրիում իր ռազմական խմբավորման ցուցադրական ուժեղացում իրականացնել և դեմ դուրս գալ Հայաստանի փաստացի շրջափակմանը բոլոր կողմերից, որը ստեղծվել է այն բանի արդյունքում, որ ոչ Վրաստանը, ոչ Իրանը, էլ չասած Ադրբեջանի և Թուրքիայի մասին, պաշտոնապես բեռներ չեն բաց թողնում, ինչպես իրենք են կարծում, հակամարտության գոտի՝ ընդ որում ՝ հակամարտության գոտի դիտարկելով Հայաստանը ։

Ադրբեջանը ոչ մի խնդիր չունի Թուրքիայից կամրջով մատակարարելու, և Իսրայելը դրա հետ կապված խնդիր չունի և շարունակում է ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին:  Իսկ Ռուսաստանը խնդիրներ ունի, քանի որ Վրաստանի օդային տարածքը փակ է ։

Ես կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ մենք կարող էինք ճնշում գործադրել Վրաստանի վրա, և եթե դա անհրաժեշտ համարեինք, կարող էինք ուժեղացնել մեր բազան Գյումրիում, որովհետև իրավիճակը տարածաշրջանում լարված է",-ասել է Կոնստանտին Զատուլինը ։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ ինքը ոչ միայն ասում է, որ կկատարի իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, այլեւ հնարավորություն ունի դա իրականացնել ։

"Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատճառով Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բոլոր բարդ հարաբերությունների դեպքում, Սահակաշվիլիի պատճառով Վրաստանն այժմ այն վիճակում չէ, որ դիմադրի Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հավանություն կտային նման գործողությանը ։ Չէ որ Վրաստանը բոլոր դեպքերում, երբ խնդիր է առաջանում Ռուսաստանի հետ, հանում է հեռախոսը և զանգահարում Վաշինգտոն, իսկ հիմա այդ զանգը արդյունք չի տա ՝ Վաշինգտոնը ճնշում չի գործադրի Վրաստանի վրա, որպեսզի նա արգելափակի ռուսական ինքնաթիռները, եթե նրանք ուղևորվեն Հայաստան ։

Մենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, դրանում է ներկայիս իրավիճակի յուրահատկությունը, հանդես ենք գալիս ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ մոտ դիրքերից. մենք պահանջում ենք հրադադարի հաստատում", - պարզաբանել է պատգամավորը ։

Զատուլինն ընդգծել է, որ իր հայտարարությամբ ինքը բոլորովին չէր պատրաստվում Ռուսաստանին ներքաշել մարտական գործողությունների մեջ ։ "Եվ բոլոր մեղադրանքներն իմ հասցեին, որ ես ուզում եմ մեր զինվորներին ուղարկել մահվան, ռուսական արյուն թափել և այլն, անում են այն մարդիկ, ովքեր չեն ուզում հասկանալ իրավիճակը, թե ինչ եմ ասել, ինչ չեմ ասել։

Նման բան կա՝ մշտապես կասկածել՝ իսկ արդյոք մենք պե՞տք է ընդհանրապես Կովկասում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար պայքարենք ։ Մենք պետք է պայքարենք ամենուր՝ ոչ միայն Կովկասում, մեր ազգային շահերի համար ։ Մենք պարտավորություն ունենք Հայաստանի հանդեպ, և դա հաստատվել է ՌԴ նախագահի կողմից այս հակամարտության առաջին իսկ շաբաթվա ընթացքում ՝ մենք ռազմաքաղաքական դաշինքի մեջ ենք ։ Ոչ միայն մշակութային կապի մեջ, անցյալի հիշողություններում, կա Հավաքական անվտանգության պայմանագրի կետ, որն ասում է, որ ՀԱՊԿ մեկ անդամի վրա հարձակումը բոլորի վրա հարձակում է ։ Սա ՆԱՏՕ-ի վերաբերյալ Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի անալոգն է ։ Եվ եթե դա տեղի ունենա, մենք ստիպված կլինենք կատարել մեր պարտավորությունները", - հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալը ։

  • Կիսվել: