երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, հաղորդում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

"Զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, լուրջ մտահոգություն հայտնել չդադարող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջական հրադադարի և լարվածության թուլացման:

Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծման անայլընտրանքայնությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը:

Դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները ։ Սերգեյ Լավրովը եւ Ժան Իվ Լե Դրիանը հատուկ կարեւորել են հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսեւորումը", - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: