ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քաշաթաղի անմահ հերոսը` Մնացական Մարտինի Հարությունյան

Քաշաթաղի անմահ հերոսը` Մնացական Մարտինի Հարությունյան

ԱՀ Քաշաթաղի շրջվարչակազմը ներկայացնում է «Քաշաթաղի անմահ հերոսները» շարքը։ Այդ շարքում պարբերաբար ներկայացվելու են Քաշաթաղի շրջանից արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսները։

ՔԱՇԱԹԱՂԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍԸ` ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հարությունյան Մնացական Մարտինի։ Ծնվել է 1995 թ․ օգոստոսի 19-ին Արարատի մարզի Ղուկասավան գյուղում։ Ընտանիքը 1998 թ․ տեղափոխվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սարատակ գյուղ։

Ծնողները մինչև 2020 թ․ սեպտեմբերի 27-ի պատերազմական օրերը ապրել են Սարատակ համայնքում։

Մնացականը մեծացել է բազմազավակ ընտանիքում՝ երեք քույր և մեկ եղբայր։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր և բոլորի կողմից սիրված։

Սարատակի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղ՝ գյուղատնտեսագիտություն բաժին և ստացել գյուղատնտեսի որակավորում։

Այդ ընթացքում զորակոչվել և ծառայել է Արցախի բանակում՝ պատվով կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։ Մասնակցել է նաև քառօրյա պատերազմին։

Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Արցախբանկ» ՓԲԸ Բերձորի մասնաճյուղում՝ որպես անվտանգության աշխատակից։
Այնուհետև ավագ սերժանտի կոչումով ծառայության է անցել N զորամասում։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Մնացականը ծառայում էր նշված զորամասում։ Նրանց խումբը առաջիններից էր, որ մեկնեց ճակատ, սկզբում՝ Ջրականում, այնուհետև՝ Հադրութում։ Հոկտեմբերի 10-ին Մնացականը թշնամու արկից վիրավորվել է, իսկ 11-ին՝ հիվանդանոցում, մահացել։
Մնացական Հարությունյանի աճյունը հուղարկավորվել է հայրենի Ղուկասավան գյուղի գերեզմանատանը։

Հայրենիքին մատուցած ծառայության համար արժանացել է «Մարտական խաչ» և «Արիության» մեդալների։
Մնացականը ամուսնացած է, ունի մեկ որդի։

  • Կիսվել: