երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով

Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով

Այսօր առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Մասնավորապես, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառու և նրանց հարազատներ էին տեղափոխվում Արցախից Հայաստան, սակայն Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը՝ նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ:

Բացի դրանից, չեղարկվել է այսօր նախատեսված Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը հումանիտար հրատապ կարիքներից ելնելով, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների կողմից:

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը:

Արցախի Հանրապետության իշխանությունները հերթական անգամ արձանագրում են, որ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում տեղադրված ապօրինի ադրբեջանական անցակետն ինքնին մեծագույն վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում: Այսօրվա միջադեպը վերստին հաստատում է այդ վտանգների ու խոչընդոտների առկայությունը՝ լրացուցիչ կերպով սպառնալիքի տակ դնելով Արցախի ժողովրդի սուր հումանիտար կարիքների համար նույնիսկ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից մարդկանց ու բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը:

Արցախի իշխանությունները վերահաստատում են իրենց դիրքորոշումը, որ անհապաղ ու անվերապահ կերպով պետք է ապահովվի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված Լաչինի միջանցքի ռեժիմը առանց ադրբեջանական որևէ միջամտության, ինչպես նաև պետք է կատարվի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն այդ հարցի վերաբերյալ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: