շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քանի՞ բնակարան Արցախում շահագործման կհանձնվի այս տարի և ի՞նչ շինարարական ծրագրեր կմեկնարկեն. մանրամասնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարը

Քանի՞ բնակարան Արցախում շահագործման կհանձնվի այս տարի և ի՞նչ շինարարական ծրագրեր կմեկնարկեն. մանրամասնում է ԱՀ Քաղաքաշինության նախարարը

Արցախում ընթացիկ տարեվերջին շահագործման կհանձնվեն բազմաթիվ բնակարաններ ու առանձնատներ, մի շարք ասֆալտապատ ճանապարհներ: Արդեն իսկ պատրաստ են հարյուրավոր նոր առանձնատներից ու տասնյակ բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասերի կառուցման նախագծեր:

 Նախատեսվում է լուսավորման համակարգ անցկացնել  Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու երկայնքով և այլն:   ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել ընթացիկ, ավարտվող և նախատեսվող շինարարական աշխատանքների, խնդիրների ու ձեռքբերումների մասին:
 
-Պարոն Սարգսյան, վերջերս բարձրաձայնվեց այն մասին, որ  շինարարության տեմպերը որոշակի դանդաղել էին. ի՞նչ խնդիր էր: Այժմ վերականգնվա՞ծ է շինաշխատանքների նախկին տեմպը:
 
-Ընդհանուր առմամբ շինարարության տեմպերն ընթացիկ տարում  որոշակի դանդաղել էին, ինչն առաջին հերթին պայմանավորված էր նախարարությունում փաստաթղթավորման գործընթացի գերծանրաբեռնվածությամբ: Խնդիրը կապված էր որոշ օբյեկտներ՝  անցած տարվանից սկսված  շինարարությունն այս տարի տեղափոխելու, ինչպես նաև  նորերը  սկսելու հետ: Այդ պատճառով որոշակի խնդիրների առաջ ենք կանգնել՝ պայմանավորված  նախագիծ պատվիրելու, նախահաշիվ կազմելու և այլ փաստաթղթային գործընթացներով: Ուստի որոշել ենք կարճաժամկետ դադար տալ, որպեսզի կարողանանք փաստաթղթերն ի մի բերել , որից հետո ըստ կարգի մրցույթները հայտարարենք և մնացած աշխատանքները շարունակենք: Բացի այդ, շուկայում ներկայումս շինանյութի սղություն է զգացվում՝ հատկապես ցեմենտի ներկրման հետ կապված:Նույն խնդիրն առկա է ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Ներկայումս ցեմենտի հարկման բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված համապատասխան օրենք է ընդունվել, որի շնորհիվ կարծես վերականգնվում են մատակարարումները: Այդուհանդերձ, այս պահի դրությամբ ցեմենտի սղությունն Արցախում դեռ առկա է: Ինչ վերաբերվում է նախարարության աշխատանքին, ապա շինարարության տեմպերի վերականգնմանն ուղղված աշխատանքներն արդեն  իրականացված են:
 
-Պարոն Սարգսյան, Արցախի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ընթացիկ տարում շինարարության ցուցանիշների շարունակական աճ է նկատվում: Եթե ծավալները դանդաղել են, ապա ինչի շնորհիվ են աճում շինարարության ցուցանիշները:
 
-Արցախում շինարարությունն իրականացվում է  մեծամասամբ պետական բյուջեի, նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մասնավոր ընկերությունների ներդրումներով: Մասնավորապես՝  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերը սկսվել են անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ շինարարական աշխատանքները շարունակվել են նաև այս տարի: Շինարարության մեկնարկին հաջորդած ժամանակահատվածում հիմնադրամի ներդրած գումարները շարունակաբար աճել են: Նույն կերպ՝  Քաղաքաշինության նախարարության ծրագրերն են  մեկնարկել  անցած տարվա կեսերից, որից հետո  ցուցանիշներն աստիճանաբար աճել են: Նաև հաշվի առնելով, որ անցած տարի շարունակել ենք իրականացնել հրետակոծությունից վնասված  բնակֆոնդերի վերանորոգման, վերականգնման, վերակառուցման  աշխատանքներ ևս , ֆինանսական ծախսերը համեմատաբար  մեծ են եղել: Արդեն 2022 թվականին մենք հիմնականում իրականացրել ենք ենթակառուցվածքների , ճանապարհների և մեծածավալ  բնակարանային շինարարական աշխատանքներ: Բացի այդ, աջակցություն է ցուցաբերվել հրետակոծված  բնակարանատերերի ու սոցիալական որոշ խմբերի պատկանող անձանց տների վերանորոգման համար:
 
-Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում նույնպես պատերազմից գրեթե անմիջապես հետո բնակարանաշինական ծրագիր մեկնարկեց:  Ինչ ընթացքում են շինաշխատանքները: Քանի՞ տուն է կառուցվել կամ հանձնվել շահագործման:
 
-Պատերազմից հետո գրություն ենք ստացել Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի ղեկավարից այն մասին, որ գյուղի բնակիչները ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ և բնակվել: Այնուհետև կազմակերպվել են գյուղի այրված, ավերված տների վերականգնման աշխատանքները: Վերանորոգվել, վերակառուցվել և կահավորվել   է մոտ  25 առանձնատուն ու դպրոցը: Վերականգնվել է գյուղի էլեկտրամատակարարումը,  իսկ ջրամատակարարումն ապահովելու համար արդեն պատրաստ է արտեզյան ջրհորը: Հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներով բնակիչների մեծ մասը չեն վերադարձել , ապա նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու նախանշված ծրագրերը և որոշ աշխատանքներ դադարեցվել են:
 
-Ասկերանի շրջանի  Իվանյան համայնքի տարածքում կառուցվող  բազմաբնակարան շենքերից  և առանձնատներից քանիսն այս տարի  կհանձնվեն  շահագործման:
 
-Իվանյան համայնքում կառուցվում է երկու թաղամաս, որից մեկում՝   բազմաբնակարան շենքեր, իսկ մյուսում՝   առանձնատներ: Ներկայումս ընթացքում են  20 բնակելի շենքի շինաշխատանքները, որից այս տարի շահագործման կհանձնվի  10-ը՝  120 բնակարանով, իսկ կառուցվող  107 առանձնատներով  թաղամասում ՝ 60 տուն:  Բնակելի շենքերի բնակարանները  նախատեսված են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից, իսկ առանձնատների մեծ մասը՝ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից տեղահանված  ընտանիքների համար: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում ենթակառուցվածքների՝  էլեկտրամատակարարման գծերի ու արտաքին լուսավորության ցանցի անցկացման, ջրամատակարարման ու  գազամատակարարման ապահովման, կոյուղագծի և հեղեղատարի կառուցման ուղղությամբ: Հուսով ենք, որ եղանակային պայմանները թույլ կտան, որ հասցնենք   մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր  ավարտել այդ աշխատանքներն ու նշված  60 տունը հանձնել  շահագործման: Քանի որ պետությունը ստանձնել է նաև նորակառույց այդ  տների կահավորման պարտավորություն, կարծում եմ այդ գործընթացն էլ կսկսենք դեկտեմբերից:  Նոր թաղամասին հարակից տարածքում գտնվող եռահարկ շենքն էլ,  ըստ նախնական պայմանավորվածության,  ծառայելու է որպես դպրոց: Այս թաղամասերի մնացած տներն ու բնակարանները  շահագործման կհանձնվեն   2023 թվականի առաջին կիսամյակում:
 
 -Բացի այս երկու թաղամասերը, ընդհանուր առմամբ Արցախում ի՞նչ  շինարարական աշխատանքներ են մոտենում ավարտին:
 
- Ընթացիկ տարում շահագործման կհանձնվեն   Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի տարածքում  կառուցվող 100 առանձնատուն, Հովսեփավանում ավելի քան՝ 50: Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը, ապա  հետպատերազմյան շրջանում Արցախում իրականացվող ամենամեծ ծրագիրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ մայրուղին է, որի ասֆալտապատումն ավարտված է, իսկ այժմ ճանապարհահատվածի կահավորման աշխատանքներն են ընթանում: Այս ճանապարհահատվածով Ստեփանակերտից Մարտակերտ  ավտոճանապարհը կկրճատվի շուրջ 20 կիլոմետրով՝   ի տարբերություն Ստեփանակերտ - Դրմբոն - Մարտակերտ  գործող մայրուղու։  Ասֆալտապատվել է  նաև  մայրուղուց դեպի Աստղաշեն և Պատարա ճանապարհահատվածը, որտեղ նույնպես կահավորման աշխատանքներ են իրականացվում: Առաջիկայում կավարտվի մայրուղուց դեպի Դահրավ ճանապարհի ասֆալտապատումը: Այս ճանապարհները հիմնականում կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի  միջոցներով, որն ընդհանրապես մեծ ներդրում ունի հետպատերազմյան Արցախի վերականգնման գործում: Պետական միջոցներով էլ իրականացվել է  Մարտունու և Մարտակերտի շրջանների մի   շարք համայնքներ մայրուղուն կապող տանող ճանապարհների ասֆալտապատումը:
 
 -Ընդհանուր առմամբ վերականգնվե՞լ  են ռազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները:
 
-Պատերազմի ավարտից հետ ստեղծվեց «Թեժ գիծ», որի միջոցով գրանցվել են ավելի քան 7000 հասցեներում   հրետակոծության հետևանքով վնասված շենք -շինություններ: Քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները, որոնք վերաբերում են հրետակոծության վնասների հետ, հիմնականում լուծվել են: Բացի այդ, շինանյութերի տրամադրմամբ ու համապատասխան արհեստավորներին վճարելու միջոցով  մեծ աջակցություն է ցուցաբերվել  վնասված շինությունների տնտեսվարողներին: Մոտ 90 տոկոսով ռազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնումն ավարտված է, բացառությամբ մոտ 120  օբյեկտի, որ  հիմնովին են ավերվել և փոխարենը վերակառուցում է ընթանում կամ նորն է կառուցվում:
 
-Այս տարի շինարարական ի՞նչ աշխատանքներ եք սկսել:
 
-Ընթացիկ տարում Համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկել է Իվանյանում կառուցվող 20 շենքից 5-ի շինարարությունը, Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում 32, Կարմիր գյուղում  64 առանձնատներով թաղամասերի, ինչպես նաև  Խնածախում՝ Հադրութի Տող, Տումի համայնքներից տեղահանվածների համար նախատեսված 250  և Նորագյուղին կից՝ Դրախտիկից ու Շուշիի Քարին տակից  տեղահանվածների համար ենք սկսել  երկու թաղամասի  շինաշխատանքները: Կառուցել ենք նաև  արագ հավաքվող կոնստրուկցիաներով 6 տուն: 
 
-Կա՞ն նախագծեր, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում:
 
-Այս առումով նախագծման բավականին մեծածավալ աշխատանքներ ենք իրականացրել դեռ 2021 թվականին: Նախագծերով հաստատված բոլոր թաղամասերի շինաշխատանքները չէ, որ սկսվել են: Ունենք Առաջաձոր համայնքում՝ 55, Պառավաթումբում էլ  50 տներից բաղկացած բնակելի թաղամասերի, Մարտակերտ քաղաքում 6 բնակելի  շենքերի, Ասկերան քաղաքում՝ 4-ի, իսկ Իվանյան համայնքում ևս 4 շենքի կառուցման նախագծեր, որոնք հուսով եմ 2023 թվականի կապիտալ ներդրումների ծրագրով անպայման կյանքի կկոչվեն: Ինչպես գիտեք Նախագահի հստակ հանձնարականի համաձայն՝ մինչև 2025 թվականը մենք ավարտելու ենք մեր տեղահանված հայրենակիցների,  զոհված ազատամարտիկների, առաջին կարգի վիրավորում ստացած անձանց, սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների բնակարանաշինության ծրագիրը: Բացի այդ, կասֆալտապատվեն բոլոր համայնքներ տանող ճանապարհները:
 
-Հնարավո՞ր է, որ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղում նույնպես  լուսավորման համակարգ անցկացվի:
 
-Արցախի նախագահի հրամանով  Ստեփանակերտից մինչև Հայաստանի Հանրապետության սահման հասնող նոր երթուղու երկայնքով լուսավորության ցանց անցկացնելու աշխատանքների համար  նախագիծ ենք մշակում: Նախագծային աշխատանքները կավարտվեն մոտավորապես մինչև այս տարվա նոյեմբերի վերջ, որից հետո անմիջապես կներկայացնենք Նախագահին: 
 
-Ներկա փուլում ի՞նչ խնդիրներ են առկա կապիտալ շինարարության ոլորտում:
 
-Պատերազմից հետո մոտ 4000  նոր բնակելի տան շինարարական աշխատանքներ են սկսվել՝ պետական, Համահայկական հիմնադրամի և մասնավոր ներդրումներով: Արցախյան առաջին պատերազմից հետո մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը Արցախում երբեք նման ծավալի շինարարություն չի իրականացվել: Այս ընթացքում վերանորոգել ենք նաև տեղահանվածների համար նախատեսված ավելի քան 450 հին, տիրազուրկ տուն, զոհված ազատամարտիկների ընտանիքներին պատկանող՝  մոտ  300 տուն: Նման ծավալները բնական է, որ առաջացնելու էին համապատասխան խոչընդոտներ ու խնդիրներ: Դրանցից հիմնականն աշխատուժի սղությունն է, որ զգացել ենք պատերազմից հետո և առկա է մինչև հիմա: Որոշ չափով չեն բավարարում ֆինանսական միջոցները, քանի որ ծրագիրը բավականին մեծ ու ծախսատար է:
 
-Ո՞րն եք համարում հետպատերազմյան այս երկու տարվա գլխավոր  ձեռքբերումը:
 
-Բնակարանաշինությունը, որը մարդկանց հույս է տալիս, որ եթե կառուցվում է, ուրեմն կառուցվում է ապրելու համար:  Պատերազմից հետո մեր առաջին խնդիրը եղել է հիմնականում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերանորոգումը, որ մեր հայրենակիցները ժամանակին վերադառնան իրենց օջախները, իսկ պետության կողմից  հնարավորինս շուտ աջակցություն ցուցաբերվի, որպեսզի ապրելով ու ապրեցնելով  շարունակենք շենացնել Արցախը: Իրականում շատ ծանր օրեր ենք ունեցել այս ընթացքում, սակայն այն, ինչ հաջողվել է իրագործել այս ընթացքում, իմ համոզմամբ, հուսադրող է:

  • Կիսվել: