Պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնել են, երկրի ղեկավարը կարևորել է համայնքներում մարզական նման կառույցների առկայությունը, նշել, որ պետությունը պատրաստ է աջակցել նոր մարզադահլիճների կառուցման, ինչպես նաև մարզական տարբեր միջոցառումների կազմակերպման ջանքերին:
Այցի ընթացքում Արցախի նախագահ Հարությունյանը նաև հանդիպել է համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, քննարկել առկա խնդիրները: Բարձրացված հիմնախնդիրներից Արայիկ Հարությունյանն առանձնացրել է խմելու և ոռոգման ջրի հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը, նշել, որ երկու տարվա ընթացքում փուլ առ փուլ ծրագիրն ամբողջությամբ կիրագործվի: Արցախի նախագահի հանձնարարությամբ՝ առաջիկայում նոր թափ կստանան նաև ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները, կլուծվեն սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք այլ խնդիրներ ևս։
Նախագահի խոսքով՝ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը առկա անվտանգային խնդիրների լուծման, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ:
Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը: