երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ողջունում ենք Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը. Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը. Արցախի ԱԳՆ

Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը, որում հետեւողականորեն հավատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունված բանաձեւի ոգուն՝ Լյուքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էության, դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությամբ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրա արդյունքում Արցախի տարածքի մեծ մասի ռազմական օկուպացիան եւ Արցախի ու նրա բնակչության դեմ շարունակվող պատերազմական հռետորաբանության եւ սպառնալիքների քաղաքականությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Կարեւորում ենք, որ բանաձեւում խորհրդարանը կոչ է անում Լուքսեմբուրգի կառավարությանը պահանջել մարդասիրական կազմակերպությունների մուտքը Արցախ՝ աջակցելու հանրապետությունում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը։

Հատկանշական է, որ բանաձեւում կարեւորվում է հրադադարի պահպանումը, ռազմագերիների փոխանակումը եւ զոհերի մարմինների դուրսբերումը: Խորհրդարանը նաեւ նշում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննության ու դրանց հեղինակների իրավական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Համոզված ենք, որ նմանատիպ բանաձեւերի ընդունումը կդառնա միջազգային հանրության կարեւոր կոլեկտիվ ներդրումը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ եւ արդարացի կարգավորման գործում՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։

 

  • Կիսվել: