Ուսումնական տարվան ընդառաջ Արցախի Հանրապետության կրթօջախներում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Հանրապետության հանրակրթական հաստատություններում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում :
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ մանրամասնելով, որ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում ինչպես նախարարության, այնպես էլ ուսումնական հաստատությունների կողմից:
Փոխնախարարի խոսքով՝ սեպտեմբերի 1-ից ուսումնական գործընթացը կմեկնարկի Հանրապետության բոլոր հանրակրթական հաստատություններում՝ այդ թվում այն կրթօջախներում, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
«Որոշ դպրոցներում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Այս պահի դրությամբ հիմնանորոգում է իրականացվում Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան համար 10 և Մարտակերտի Վ.Բալայանի անվան հ. 1 հիմնական դպրոցներում: Մասնավորապես՝ Մարտակերտի դպրոցի մի հատվածի շինաշխատանքները, հնարավոր է, մինչև ընթացիկ տարվա վերջ ավարտին հասցնել: Իսկ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի շինաշխատանքները բավականին ծավալուն են և դեռ կշարունակվեն: Սակայն ուսումնական գործընթացն այս կրթօջախներում ևս կվերսկսվի»,-ասել է Մ.Համբարձումյանը: