կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 700 մարդ

Մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 700 մարդ

Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն: 

Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 19 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 700 մարդ:

Հաղորդվում է նաև, որ մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 15 հա տարածք, 3 կմ ճանապարհ, 27 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 34 պայթյունավտանգ առարկա:

2020-ի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել են 1461 հա տարածք, 453 կմ ճանապարհ, 1425 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 827 պայթյունավտանգ առարկա:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբերի հետ:

 

  • Կիսվել: