երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զբաղվում է Արցախից տեղահանվածների տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զբաղվում է Արցախից տեղահանվածների տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը զբաղվում է սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ, համապատասխան այլ գերատեսչություններին, ըստ աշխատանքային անհրաժեշտության, դրանց տրամադրմամբ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Նշենք, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած անձինք չունեն «փախստականի» իրավական կարգավիճակ։ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։ Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի և չափանիշների ձեռնարկ»- ի 144-145-րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ և ովքեր ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որևէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)։

  • Կիսվել: