երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ ռուսերենը կարող է կիրառվել միայն պաշտոնական գործավարության համար՝ ըստ անհրաժեշտության. ԱՀ ԱԺ պատգամավոր

Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ ռուսերենը կարող է կիրառվել միայն պաշտոնական գործավարության համար՝ ըստ անհրաժեշտության. ԱՀ ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ մեր պետական լեզուն հայերենն է, և առաջարկվող փոփոխությունը որևէ կապ չունի պետական լեզվի հետ:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է օրենքի նախագծի համահեղինակ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Հարությունյանը:
 
«Օրենքի նախագիծը համահեղինակում ենք երեք խմբակցություններից՝ ես «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից, Գագիկ Բաղունցը «Միասնական հայրենիք» խմբակցությունից և Մետաքսե Հակոբյանը «Արդարություն» խմբակցությունից: Մամուլում և սոցիալական ցանցերում առկա բոլոր շահարկումներն ու մտահոգությունները փարատելու համար ուզում եմ հավաստիացնել, որ այն ընդամենը հնարավորություն է տալու պաշտոնական մակարդակում գրական հայերենով իրականացվող գործավարությունը, անհրաժեշտության դեպքում, կատարել նաև ռուսերենով: Այսինքն, դա նշանակում է, որ եթե ռուսախոս անձից պետական մարմինները ստանան գրություն ռուսերենով, այդ դեպքում թույլատրվում է նրան պատասխանել ռուսերենով, նույնը վերաբերում է հանրային կյանքի այլ դրսևորումների: Սակայն եթե ռուսերենը կիրառելու հիմնավոր անհրաժեշտությունն առկա չէ կոնկրետ դեպքում, ապա պարտադիր պետք է կիրառվի հայերենը, և, բնականաբար, հայերենը մնում է միակ պետական լեզուն և պետության հատուկ հոգածության ներքո է»,- ասել է պատգամավորը:
 
Արամ Հարությունյանի խոսքով՝ մտահղացումը կար մինչև անցած տարվա պատերազմական գործողությունների մեկնարկը, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում է ապրում Արցախից երբևէ գաղթած ամենամեծ սփյուռքը, որը հայրենի երկրամասի հետ ունի շատ ինտենսիվ կապեր: Եվ այդ հարաբերությունների շարունակական զարգացման նպատակով այս փոփոխությունը պահի անհրաժեշտություն է:
 
«Իհարկե, այսօր կան նաև նոր իրողություններ, որոնք պարտավոր ենք հաշվի առնել: Ամեն դեպքում փոփոխության հիմքում դրված են մեր պետական ու հանրային շահերը և բոլոր հարցերի շուրջ իրար հետ բազմակողմանի քննարկումներ են անցկացրել համահեղինակ պատգամավորներիս ներկայացրած խմբակցությունները»,- ասել է Ա. Հարությունյանը:

  • Կիսվել: