երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լավ լուրերի ենք սպասում. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` Դադիվանքի մասին

Լավ լուրերի ենք սպասում. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` Դադիվանքի մասին

Դեռ հայտնի չէ, թե Դադիվանքը երբ կընդունի հայ ուխտավորներին, սակայն Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը լավ լուրերի է սպասում։

Այս մասին նա հայտնել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
 
Նա նշում է, որ առ այսօր ոչ մեկը Դադիվանքի խնդիրը չի լուծում, այլ միայն հարցն են բարձրացնում։
«Ռուս խաղաղապահներն իհարկե անում են ամեն ինչ, որ ուխտավորները կարողանան գնալ Դադիվանք»,–հավելել է Տեր Վրթանեսը։
 
Նա հայտնեց, որ վերջերս է հանդիպել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան զորախմբի հրամանատար գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի հետ։ Նրանք միասին գնացել են Դադիվանք, միասին աղոթել են։
 
«Նա շատ հավատացյալ մարդ է։ Ինձ շատ են դուր գալիս նման մարդիկ, որ ոչ միայն զինվորական են, այլև հավատացյալ։ Անաշկինն ինձ տեղեկացրեց, որ սպասվում է պաշտոնական հանդիպում, որին կմասնակցի նաև ինքը։ Կբարձրացվի նաև Դադիվանքի հարցը, և դրան կփորձեն լուծում տալ»,–ասել նա։
 
Տեր Վրթանեսը նաև տեղեկացրեց, որ Դադիվանքում շարունակում են մեկուսացած մնալ 6 հայ հոգևորականները, որոնց հետ Դադիվանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ կան։
 
«Դադիվանքում մեկուսացված հոգևորականները ինձ նոր լուսանկար էին ուղարկել։ Այնպես որ սպասում ենք լավ լուրերի»,–ասել է եպիսկոպոսը։
 
Նշենք, որ ապրիլի վերջից ադրբեջանական կողմը հայերի համար փակել է Դադիվանքը, մինչև այդ՝ կիրակի օրերին սահմանափակ թվով հայ ուխտավորների թույլ էին տալիս վանք գալ, աղոթել ու պատարագի մասնակցել:
 
Ավելի վաղ Վրթանես սրբազանը հայտնել էր, որ ադրբեջանցիները վանքը հայերի առաջ փակեցին սկզբում պատճառաբանելով, թե քովիդի համաճարակ է, հետո էլ ասացին, թե Թարթառը վարարել է, ճամփան փլուզվել՝ վանք հասնել չեք կարող: Ասում է՝ հիմա էլ բոլորովին նոր բան են մտածել, ասում են՝ մենք էլ Արցախի տարածքում սրբավայր ունենք՝ պետք է մտնենք, դուրս գանք:

  • Կիսվել: