շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ». Ստեփանակերտում գիտաժողով է կայացել

«Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ». Ստեփանակերտում գիտաժողով է կայացել

Այսօր՝ մարտի 1-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով, որի համակազմակերպիչներն էին Հարավային Օսիայի «Փորձագիտական աջակցության կենտրոն»֊ը և Ռուսաստանի Դաշնության «Կովկասի աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնը։  Գիտաժողովի աշխատանքներում ընդգրկված էին հիսունից ավելի մասնակիցներ՝ Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել գիտաժողովին մասնակցություն ունենալու համար և համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ հետպատերազմյան իրավիճակից ելնելով՝ փոփոխվել են արդի ոչ միայն քաղաքական, տնտեսական և սոցիալական մարտահրավերները, այլև հրատապ է դարձել առկա կարիքները վերարժևորելն ու վերագնահատելը, նպատակներն ու տեսլականը:

«Պատերազմի հետևանքով Արցախը կորցրեց իր տարածքի և կրթամշակութային հաստատությունների զգալի մասը: Այնուամենայնիվ, մեր հայկական մշակույթի, հայոց լեզվի պահպանումը շարունակում է մնալ որպես կենսական նշանակության խնդիր: Արցախը համարվում է համաքրիստոնեական սրբավայր՝ իր հնամենի վանքերով, եկեղեցիներով, մաշտոցյան դպրության, գրչության կենտրոններով, ամրակառույց բերդերով: Չնայած 2020 թվականի սեպտեմբի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմին՝ այսօր՝ այս պահի դրությամբ, ցանկացած գիտաժողով, ցանկացած համալսարանական հրապարակում և մարդասիրական ձեռնարկումներ կնպաստեն մեր հայրենիքի դերի կարևորության պահպանմանը, մեր ունեցածի արժևորմանը: Մեր տարածաշրջանում, երբ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական կացության այսպիսի բարդ պայմաններում, ավելի ու ավելի է կարևորվում հայերենի, մշակութային արժեքների պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցելը»,-մասնավորապես ասել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախը կխաղաղվի, կապրի կայունության մեջ, և, ըստ այդմ էլ, անկախ սահմանների վերաձևակերպումներից, անկախ հակահայագիտական դիրքորոշումներից, արցախցին կկարողանա պահպանել իր ունեցածն ու Կովկասյան տարածաշրջանում իր դերն ու նշանակությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բուհի պրոռեկտոր Ալիսա Բաղդասարայնի խոսքով՝ գիտաժողովը հնարավորություն կտա տարբեր գիտական կառույցների ներկայացուցիչներին մասնակցելուց բացի, իրենց տեսլականը, ծրագրերը, հիմնավորումները բերել տարածաշրջանում կատարվող իրադարձությունների շուրջ: Պատմաբան Մհեր Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտաժողովն ուղղված է այն բոլոր ոտնձգություններին հակադարձելուն, որոնք իրականացնում է Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան կառույցների քարոզչական մեքենան:

Բնութագրությունը հասանալի չէ«Աշխարհում կատարվող հակամարտությունները կրում են հիբրիդային բնույթ: Հիբրիդային պատերազմների կարևորագույն ուղղություններից մեկը տեղեկատվականն է: Գիտական հանրությունը, իր ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելով, փորձում է օբյեկտիվ ճշմարտությունը հասցնել գիտական հանրությանը, ձևավորել օբյեկտիվ հասարակական կարծիք, որը թույլ կտա հասկանալ մեր հակառակորդների կեղծարարությունը և պատմության, անցյալի իրադարձությունների նենգափոխումների բուն էությունը: Այս տեսակետից, կարծում եմ, որ այսօրվա գիտաժողովը ծառայեց իր նպատակին»,-նշել է Մ. Հարությունյանը:

Գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ավետիք Հարությունյանը, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր հարությունյանը, ԱրՊՀ և ՄՄՀ դասախոս Հրայր Փաշայանը և այլք:

  • Կիսվել: