երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է 31917 տեղահանված արցախցիների անվտանգ վերադարձը

Խաղաղապահ գործողության ընթացքում ապահովվել է 31917 տեղահանված արցախցիների անվտանգ վերադարձը

Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շուրջօրյա մշտադիտարկում է իրականացնում Լեռնային Ղարաբաղի տարածքում իրավիճակի վերաբերյալ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:

Նշվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

Հայաստանի տարածքից քաղաքացիական անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղ: Մեկ օրում նախկին բնակության վայրեր է վերադարձել ևս 1244 մարդ: Խաղաղապահ գործողության ընթացքում արդեն ապահովվել է 31917 տեղահանվածի անվտանգ վերադարձը:

Ռուս խաղաղապահները մեկ օրում պայթյունավտանգ առարկաներից մաքրել են 8.1 հա տարածք և 1.6 կմ ճանապարհ, հայտնաբերել և ոչնչացրել են 8 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ականազերծման ընթացքում մաքրվել են 57.87 հա տարածք, 18.6 կմ ճանապարհ, 108 բնակելի շենք և 4 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել է 1115 պայթյունավտանգ առարկա:

Հաղորդվում է նաև, որ մեկ օրում վերանորոգվել է մեկ հենասյուն և 2 կմ էլեկտրահաղորդալար, 2.2 կմ գազատար, 1.2 կմ կապուղի և հինգ տրանսֆորմատորային ենթակայան:

ՌԴ ՊՆ ռազմական հոսպիտալի շարժական բրիգադը Մխիթարաշեն բնակավայրում խորհրդակցություններ է անցկացրել և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել 37 բնակչի, այդ թվում՝ 4 երեխայի: Մարտակերտում շարունակվում են երկրորդ հիվանդանոցի տեղակայման աշխատանքները:

Ասկերանի դպրոցում տեղի է ունեցել մարդասիրական ակցիա, որի ընթացքում ՌԴ խաղաղապահ ուժերի զինծառայողները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների երեխաներին հանձնել են դպրոցական ուսապարկեր՝ դպրոցական պարագաներով:

ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության արդյունքում իրականացվում են զոհվածների մարմինների որոնում և հանձնում: Գործում է թեժ գիծ՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ անհայտ կորած մասնակիցների վերաբերյալ տեղեկություն հավաքելու համար: Թեժ գծի գործունեության մեկնարկից ի վեր ստացվել է ավելի քան 200 հեռախոսազանգ:

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

 

  • Կիսվել: