շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Կանգնիր Արցախի կողքին» կարգախոսով դրամահավաքը շարունակվելու է 15 օր

«Կանգնիր Արցախի կողքին» կարգախոսով դրամահավաքը շարունակվելու է 15 օր

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի կողմից Արցախում առաջին անգամ կազմակերպվեց հեռուստամարաթոն, որն ուղիղ հեռարձակվեց մայրաքաղաք Ստեփանակերտից։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  հիմնադրամի Բարեգործական և ինվեստիցիոն ծրագրերի ռազմավարական պլանավորման բաժնի պետ Բելլա Սարգսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքների իրականացման համար ձևավորվել էր կազմակերպչական խումբ, որը կարճ ժամանակահատվածում կատարել է ծավալուն աշխատանք։
 
««Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամը հեռուստամարաթոնի մեկնարկը տվել է ahimnadram.com պաշտոնական կայքում ներկայացնելով տասնհինգ ծրագրեր տարբեր ոլորտներից՝ գյուղատնտեսություն, ՏՏ, մշակույթ, սպորտ և այլն։ Դեռևս կան բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են մշակման փուլում և հաստատվելուց հետո նույնպես կներկայացվեն Հիմնադրամի հարթակում։ Վեց ժամ տևողությամբ հեռուստամարաթոնի ընթացքում ներկայացվել են հետպատերազմյան շրջանում տարբեր ոլորտներում իրականացվող աշխատանքները, և նշվել են աջակցության կարիք ունեցող ասպարեզները։ Միջոցառման ընթացքում արտահերթ ռեժիմով գործող զանգերի կենտրոնը ստացել է տասնյակ զանգեր։ Պատասխանատուները տվել են համապատասխան պարզաբանումներ և ուղղորդումներ ֆինանսական աջակցության տրամադրման կարգի վերաբերյալ։  Հարկ է նշել աշխարհասփյուռ հայության՝ Արցախի զարգացման գործում  ներդրում ունենալու պատրաստակամությունը։ Հեռուստամարաթոնի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, տրվել խոստումներ։  Հեռուստամարաթոնի հաշվետու նյութը կհրապարակվի սույն թվականի դեկտեմբերի 25-ին։ Այն հասանելի կլինի ինչպես Հիմնադրամի  պաշտոնական կայքում, այնպես էլ սոցիալական տարբեր հարթակներում։ Իսկ մինչ այդ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին` հանուն հայրենիքի իրենց անձնվեր աշխատանքի և անխափան եթերի կազմակերպման համար, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ամուր կանգնում են Արցախի կողքին՝ կատարելով իրենց ներդրումը և միանալով Արցախի գոյատևության պայքարին», - նշեց Բ.Սարգսյանը։
 
«Կանգնիր Արցախի կողքին» կարգախոսով դրամահավաքը շարունակվելու է 15 օր:

  • Կիսվել: