երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը դիտարկման 23 կետում շուրջօրյա վերահսկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ թիվ 20 դիտակետը Հակոբ Կամարիից տեղափոխվել է Մարտակերտից 7 կմ դեպի արևելք գտնվող ճանապարհային խաչմերուկի տարածք:

Հաղորդվում է նաև, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձը մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում է մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 466 տեղահանվածի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: 2020 թ. նոյեմբերի 14-ից 44.050 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղում իրենց նախկին բնակության վայրերը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են աշխատել Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ: Մաքրվել է 5 հա տարածք, 1,5 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 պայթուցիկ օբյեկտ: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 23-ից ականազերծման ժամանակ չպայթած զինամթերքից մաքրվել է 289 հա տարածք, 108,4 կմ ճանապարհ, 452 բնակելի շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 9073 պայթուցիկ:

Նշվում է նաև, որ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները. հակամարտության ժամանակ անհայտ կորածների մասին տեղեկատվություն հավաքելու համար ստեղծված թեժ գծով ստացվել է 540 դիմում:

Կաղարծի գյուղում գտնվող Ռուսաստանի շարժական բժշկական թիմը ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերել տեղի 39 բնակչի, այդ թվում՝ հինգ երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 902 բնակչի, այդ թվում՝ 115 երեխայի:

 

  • Կիսվել: