չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Հայությունը միայնակ է պատերազմյան, հետպատերազմյան և մեկուսացման բոլոր հետևանքները հաղթահարելու հարցում. ԱՀ պետնախարար

Հայությունը միայնակ է պատերազմյան, հետպատերազմյան և մեկուսացման բոլոր հետևանքները հաղթահարելու հարցում. ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մարտի 15-ին Ստեփանակերտում մասնակցել է «Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» միջազգային համաժողովին, որին մասնակցում էին գիտնականներ ու սոցիալական աշխատողներ 22 երկրից:

Համաժողովի համակազմակերպիչներն են Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը:
 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին հաղորդմամբ, ողջունելով համաժողովի աշխատանքը և շնորհավորելով սոցիալական աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ՝ Արտակ Բեգլարյանը նշել է, որ ԱՀ կառավարությունը աջակցում է միջոցառման անցկացմանը՝ խորությամբ գիտակցելով սոցիալական աշխատանքի արժեքը:
 
«2020թ. հումանիտար աղետից հետո ավելի հստակ է ուրվագծվել առկա խնդիրներին արհեստավարժ ու ինստիտուցիոնալ լուծումներ տալու անհրաժեշտությունը. օրախնդիր է հատկապես ճգնաժամը առաջին փուլում հաղթահարելու և ապա հետագա զարգացման համար ամուր հիմքեր ձևավորելու հարցը: Սոցիալական աշխատողները լավ են պատկերացնում, թե ինչպես են պատերազմները խեղում հազարավոր մարդկանց ճակատագրերը և ինչպես կարելի է ամոքել վերքերը:
 
Բացառություն չէ Արցախի բնակչությունը, որը շարունակում է տուժել կյանքի և այլ հիմնարար իրավունքների խախտման սպառնալիքներից՝ հարուցված Ադրբեջանի կողմից: Ուստի, կառավարությունը վճռական է շարունակելու պատերազմից հետո մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումը սոցիալական աշխատանքի բնագավառում՝ նախաձեռնող ու արհեստավարժ մասնագետներով լուծելու խոցելի խմբերի բազմաթիվ հիմնախնդիրներ:
 
Մենք գիտակցում ենք նաև, որ հայությունը միայնակ է պատերազմյան, հետպատերազմյան և մեկուսացման բոլոր հետևանքները հաղթահարելու հարցում, քանի որ միջազգային հանրությունը շարունակում է անհաղորդ մնալ մեր ցավին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
 
Համաժողովին ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, գիտնականներ ու սոցիալական աշխատողներ Արցախից, Հայաստանից ու այլ երկրներից:

  • Կիսվել: