Արցախի համայնքներում ներդրվելու է «Էլեկտրական հովիվ» ծրագիրը. նախարարը մանրամասներ է ներկայացրել
Էներգետիկայի բնագավառում ամենաերևացող գործը 45 կմ երկարությամբ 54 կՎ Ստեփանակերտ-Մարտունի-Ճարտար օդային գծի կառուցումն էր, որն ավարտվեց 2021թ. հունիս ամսին:
Այս մասին այսօր` փետրվարի 4-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
«Էներգետիկ ոլորտի մատակարար կազմակերպությունները ամբողջ Արցախի տարածքում իրականացրել են էլեկտրասնուցման վերականգնման աշխատանքներ, մասնավորապես՝ վերակառուցվել են 110/35/10 կվ Ստեփանակերտ ենթակայանը, Շինուհայր-Ստեփանակերտ 110 կվ օդային գծի վթարված 18 կմ հատվածը, մի շարք վերանորոգման աշխատաքներ են տարվել 10/04 կՎ ցանցում: Այս աշխատանքները կշարունակվեն նաև ընթացիկ տարում. նախարարության ծրագրերով` էներգետիկ շինարարության համար զգալի գումար ենք նախատեսել: Անցյալ տարի 12.3 մլրդ դրամի էներգետիկ սուբսիդիա է տրամադրվել` գազի և էլեկտրաէներգիայի դիմաց: Առաջիկայում որոշակի ներդրումային ծրագրեր կան էներգետիկ հզորությունների մեծացման ուղղությամբ: Բացի ֆոտովոլտային կայաններից և արևային ջրատաքացուցիչներից, համայնքներում ներդնելու ենք նաև «էլեկտրական հովիվ» ծրագիրը, որպեսզի բացառվի անասունների թշնամու կողմը անցնելը», - նշել է Հ. Խանումյանը: