Հադրութի միջնակարգ դպրոցում հնչել է Վերջին զանգը
Այսօր` մայիսի 30-ին, հանրապետության վեցօրյա աշխատակարգ ունեցող դպրոցներում հնչել է Վերջին զանգը։
Հադրութի Միքայել Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի տոնական արարողությունը կազմակերպվել է մայրաքաղաքի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 ռուսական թեքմամբ դպրոցի շենքում, որտեղ պատերազմից հետո կրթօջախը շարունակել է իր գործունեությունը:

Դպրոցի տնօրեն Գայանե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հադրութի Մանվելյանի անվան դպրոցն իր հարկի տակ համախմբել է նաեւ շրջանի համայնքների կրթօջախների սաներին։
<<Ստեփանակերտի 3-րդ դպրոցի շենքում մեր աշխատանքը վերսկսել է 2021 թվականի փետրվարի 15-ից: Առաջին օրը դպրոց է հաճախել 82 աշակերտ, իսկ այս ուսումնական տարին ավարտվել 316 աշակերտով>>,- տեղեկացրեց տնօրենը:

Կրթության և Գիտության նախարարության ներկայացուցիչ, նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանի խոսքով` պահը պատասխանատու է թե' շրջանավարտների, թե' մանկավարժների, թե' ծնողների համար։
<<Կյանքը լի է դժվարություններով և հաճելի պահերով։ Ես համոզված եմ, որ այս սերունդը պատրաստ է այդ ամենին։ Ուղղակի պետք է վստահորեն առաջ քայլել ու հավատալ, որ համառ աշխատանքի արդյունքում նպատակները իրականություն են դառնում>>,-ընդգծել է Ա. Գյանջումյանը` ԿԳՄՍ նախարարության կողմից գրքեր նվիրելով շրջանավարտներին։