հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հադրութցի աղջնակը հայրենիքը փրկելու իր բանաձևն ունի՝ գտնել ու մարդկանց վերադարձնել արժեքները

Հադրութցի աղջնակը հայրենիքը փրկելու իր բանաձևն ունի՝ գտնել ու մարդկանց վերադարձնել արժեքները

Հադրութցի Ժասմին Հայրապետյանը 11-14 տարեկանում 3 գիրք է հրատարակել, ու երեքն էլ դարձել են բեսթսելլերներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Ժասմինը, խոսելով իր ստեղծագործությունների ու հերոսուհու  մասին, նշել է.
 
«Ստեղծագործում եմ 11 տարեկանից. այդ ժամանակ սկսեցի գրել «Սուպեր Նռանե» վիպակի առաջին հատորը: Այդ պահին ներշնչանքի աղբյուրս հենց հերոսս էր՝ Նռանեն , քանի որ մտքովս էլ չէր անցնի , որ պատմությունը  կվերածվի գրքի, ավելին՝ կշարունակվի: Գրում էի, որովհետև սիրում էի գրել. օրերս սկսում էին ավելի հետաքրքիր և արդյունավետ անցնել»,- նշել է նա:
 Բնութագրությունը հասանալի չէ
Վիպակի հերոսուհին՝ Նռանեն, 17-ամյա մի չքնաղ հայուհի է, ով օժտված է գերբնական ուժով, որի առաքելությունն է, պայքարելով  չարի դեմ, փրկել Հայաստանը: 
 
«Նռանեի  զենքերը հայկական են՝ ծիրանի կորիզը, նուռը, ծիրանափողը, Արծվագորգը, Նարեկը: Նա գեղեցիկ է և ուժեղ, բայց ունի մի թուլություն՝ սիրահարվել է չարագործների որդուն: Սակայն նա պայքարում է իրեն համակած սիրո դեմ, որպեսզի հաղթի չարին : Նռանեն հայ առաջին սուպեր հերոսուհին է, և բոլոր ընթերցողները դառնում են նրա ընկերը»,- հավելել է վիպակի հեղինակը:
 
«Սուպեր Նռանե» գրքի առաջին մասը տպագրվել է 2019 թվականի գարնան վերջին, 2-րդ մասը` 2020 թվականի ամռանը, 3-րդը` 2021 թվականի մարտին՝ 44֊օրյա պատերազմից հետո, երբ Ժասմինի ծննդավայրը ևս մնացել էր թշնամու վերահսկողության տակ։
 
Գրքի երեք մասերն էլ վաճառվել են ռեկորդային քանակով` ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում:
 
«Առաջին մասում ներկայացվում է բարու և չարի պայքարը, այդ մասում ծանոթանում ենք Նռանեի , Գոդի հետ,  իմանում ենք նրանց սիրո պատմությունը: Երկրորդ հատորը գրել եմ 2020 թվականին մեզ պատուհասած կորոնավիրուսի ժամանակահատվածում: Այդ պատճառով գրքի իրադարձությունները սերտորեն կապված են այդ իրավիճակի հետ. Էվիլ անունով չարագործը անտարբերության վիրուսով թունավորում է մարդկանց՝ նրանցից խլելով բոլոր էմոցիաները: Նա դա անում է ջրի միջոցով: Այսպիսով՝ Նռանեի ու Գոդի նպատակն է դառնում  մարդկանց վերադարձնել այն, ինչը նրանց մարդ է պահում: Երրորդ մասը գրել եմ պատերազմի ժամանակ: Հերոսուհին  Շուշիում էր, երբ հանկարծակի գրոհով չար ուժերը հարձակվում են բարու աշխարհի վրա: Այս անգամ նրա առաքելությունն է հասկանալ, թե ինչու այդպես ստացվեց, ինչը դրդեց այդ վիճակին, և ինչպես նրանք կարող են հաղթել: Երկար փնտրտուքներից հետո նրանք հասկանում են, որ մարդիկ կորցրել են կարևոր արժեքներ՝ հավատ եվ ինքնավստահություն, ներում, հանդուրժողականություն, բարություն, սեր՝ մայր հայրենիքի հանդեպ , ինչի պատճառով էլ բարու աշխարհը ներսից է ճաք տվել: Այսպիսով նա իր առաջ նպատակ է դնում գտնելու և նորից   մարդկանց վերադարձնելու այդ արժեքները»,-մանրամասնել է մեր զրուցակիցը:
 
Իսկ որպես գործի շարունակություն՝
 
Ժասմինը  եղբոր՝ Բորիսի հետ  Երևանում(Գայի պողոտա 39 ) գեղեցիկ սենյակ է բացել, կահավորել ու սպասում են երեխաներին, որպեսզի նրանց հետ միասին անցնեն Հայոց պատմության հետաքրքիր դրվագներով, որպեսզի խաղան ու խաղի միջոցով ճանաչեն իրար, ավելի լավ ճանաչեն հային ու Հայաստանը:
 
«Ես ու եղբայրս ձեռնամուխ  ենք եղել Quest-ի սենյակ պատրաստելուն: Բորիսը իր վրա վերցրել է տեխնիկական մասը, իսկ ես՝ ստեղծագործականը: Երեխաները հարցերի, հուշումների շնորհիվ հասնում են իրենց վերջնական նպատակին՝  փրկել  հայրենիքը չար ուժից: Այդ ամենի համար նրանք ունեն 1 ժամ»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
 
Ժասմինի հավաստիացմամբ՝ գիրքը կունենա 4-րդ և 5-րդ մասեր. նա կշարունակի ստեղծագործել:
 
Խոսելով Հադրութում թողած վառ ու գունավոր հիշողությունների մասին, Ժասմինը հաստատակամ ասաց.
 
« Ես գիտեմ, որ մի օր կվերադառնամ իմ Հադրութ: Եթե կորցնեմ հույսս, ապա վերջնականապես կկորցնեմ Հադրութս»...
 
Բնութագրությունը հասանալի չէ
 
 

  • Կիսվել: