ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ղարաբաղ Տելեկոմի» հայաստանյան սեփականատիրոջ շնորհիվ Արցախը ամենամոտ ժամանակներում կունենա ամենաարդիական կապը` ամենամատչելի սակագներով. ԱՀ նախագահ

«Ղարաբաղ Տելեկոմի» հայաստանյան սեփականատիրոջ շնորհիվ Արցախը ամենամոտ ժամանակներում կունենա ամենաարդիական կապը` ամենամատչելի սակագներով. ԱՀ նախագահ

Պատերազմից հետո Արցախի տարածքում «ՎիվաՍելլ ՄՏՍ-ը» գործել է առանց լիցենզիա, սակայն ԱՀ կառավարությունը առաջարկել և այսօր էլ առաջարկում այդ և մյուս բոլոր ցանկացող ընկերություններին օրինական թույլտվություններ վերցնել և աշխատել հանրապետության տարածքում: Այս մասին ԱՀ Ազգային Ժողովի նիստում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Բոլոր ցանկացողները կարող են ստանալ լիցենզիա և աշխատել Արցախի տարածքում, բայց նրանք էլ պետք է կատարեն ԱՀ կառավարության պահանջները: Մեր պահանջներից մեկը ամենօրյա պայքարն է բուքմեկերական առցանց համակարգերի դեմ: Որ ընկերությունը չընդունի այդ պահանջը չի կարող աշխատել ԱՀ տարածքում: «Ղարաբաղ Տելեկոմի» ներկայիս սեփականատերը կատարելու է այդ պահանջը և մոտ օրերս դա կերևա»,- հավելել է ԱՀ նախագահը: Նա հավաստել է, որ առցանց բուքմեքերական ընկերությունների միջոցով Արցախից միլիոններ են արտահոսում:

Ինչպես նշել է ԱՀ նախագահը, Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» ներկայիս սեփականատերը հայաստանյան ընկերություններից մեկն է, սակայն հասկանալի պատճառներով այդ ընկերության անունը չի բարձրաձայնվում, քանզի ԱՀ տարածքում գործունեություն ծավալելու համար այն կարող է զրկվել միջազգային լիցենզիաներից, իսկ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվել խոշոր տույժերի:

«Ինչպես գիտեք, պատերազմի օրերին մենք «Ղարաբաղ Տելեկոմը» վերցրեցինք պետական կառավարման: Սակայն պատերազմից հետո նախկին սեփականատերերը ուզեցել են վերադարձնել ընկերությունը, բայց մենք կատեգորիկ դեմ եմ եղել, քանզի նրանց օրոք պատերազմի առաջին իսկ օրը Արցախի կապի համակարգը փլուզվել է: Բայց ասել եմ գնացեք սեփականատերերի հետ բանակցեք, բանակցել եմ Հայաստանյան կապի երեք օպերատորների հետ: Մեկը, որը պատերազմի օրերին մեզ օժանդակել է կապի ապահովման հարցում, ինչ որ մոդելներով կարողացել է գնել «Ղարաբաղ Տելեկոմը» այնպես, որպեսզի միջազգային հարթակներում չունենա խնդիրներ: Բայց նշեմ, «ՎիվաՍելլ ՄՏՍ-ին» Արցախի կառավարությունը չի ասել լքել շուկան, ընդհակառակը, մենք սպասում էինք, որ նրանք համագործակցության առաջարկ կանեն, սակայն այդ ընկերությունում էլ փոխվել են կառավարիչները: Իմ ունեցած ինֆորմացիայով ներկայումս բանակցություններ են ընթանում նաև սեփականատերերի փոփոխության հարցում»,- պարզաբանել է ԱՀ նախագահը:

Նա նաև հավաստել է, որ «Ղարաբաղ Տելեկոմի» նոր սեփականատիրոջ շնորհիվ Արցախը ամենամոտ ժամանակներում կունենա ամենաարդիական կապը` ամենամատչելի սակագներով: «Դրա մասին շուտով կհայտարարվի»,- եզրափակել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: