հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գեղամ Ստեփանյանն առաջադրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

Գեղամ Ստեփանյանն առաջադրվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության և Ազգային Ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հարցը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը այդ պաշտոնում առաջադրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար, գործադիր քարտուղար Գեղամ Գարիի Ստեփանյանի թեկնածությունը:

Նշվել է,որ թեկնածուն ունի համապատասխան մասնագիտական ու մարդկային որակներ:

Գեղամ Ստեփանյանը 2008թ-ին ընդունվել ու 2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժինը:

2009-2011 թթ. ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:

2014-2016թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մայիս աշխատել է Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

Երեք կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ Գեղամ Ստեփանյանի թեկնածությունը կդրվի լիագումար նիստի քվեարկությանը:

 

  • Կիսվել: