շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Եթե մեր նախաձեռնությունը արդյունավետ չլինի, Արցախի ընտրություններում մենք կառաջադրենք մեր սեփական թեկնածուն. Արցախի ԱԺ փոխխոսնակ

Եթե մեր նախաձեռնությունը արդյունավետ չլինի, Արցախի ընտրություններում մենք կառաջադրենք մեր սեփական թեկնածուն. Արցախի ԱԺ փոխխոսնակ

Եկող շաբաթվա ընթացքում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը իր վերջնական դիրքորոշումը կհայտնի Արցախի նախագահական ընտրություններում մասնակցության ձևաչափի վերաբերյալ: Այս մասին PrimeNews.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Ազգային Ժողովի դաշնակցական փոխխոսնակ Դավիթ Իշխանյանը:

Մինչ այդ Արցախի դաշնակցականները հանդիպումներ են անցկացնում Արցախի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարած 8 հավանական թեկնածուներից 5-ի հետ: «Հինգ թեկնածուների հետ հանդիիպումներ ենք անցկացնում և դրանից հետո առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտնենք համապատասխան դիրքորոշում», - ասաց Իշխանյանը: Այս պահին, դաշնակցականները հանդիպել են թեկնածուներից Վիտալի Բալասանյանի և Ռուսլան Իսրայելյանի հետ: Այդ հանդիպումները, ըստ Իշխանյանի, սկսվել են միասնական օրակարգի և համաձայնեցված թեկնածուի շուրջ համաձայնության գալու շրջանակներում: «Առաջին փուլի հանդիպումներն ավարտել ենք, հիմա երկրորդ փուլի մեջ ենք և ավարտից հետո վերջնական հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց Իշխանյանը: Մեր հարցին, թե ի՞նչ տրամադրություններ կան կուսակցությունում Արցախի նախագահական ընտրություններում մասնակցել-չմասնակցելու և միասնական թեկնածու առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ, Իշխանյանը պատասխանեց. «Առայժմ հանդիպումներ են ընթանում, դեռ ոչինչ հստակ չեմ կարող ասել: Կարող եմ ասել միայն, որ որևէ նախապատվություն ու որևէ կոնկրետություն այս պահին չկա: Եթե չհաջողվի ու մեր նախաձեռնությունը արդյունավետ չլինի, բնականաբար, մենք կառաջադրենք մեր սեփական թեկնածուն: Մենք չունենք թեկնածու չառաջադրելու որոշում»:

Նշենք, որ շուրջ 4 ամիս անց սպասվող Արցախի նախագահի ընտրություններում հավանական թեկնածուներն այս պահին 8-ն են՝ Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Հայկ Խանումյանը, Վիտալի Բալասանյանը, Վահան Բադասյանը, Ռուսլան Իսրայելյանը, Քրիստին Բալայանը և Աշոտ Ղուլյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեռևս ամռանն էր հայտարարել, որ չի առաջադրվելու նախագահի ընտրություններում: Նկատենք՝ նոր Սահմանադրությամբ Արցախում առաջին անգամ կանցկացվեն համընդհանուր ընտրություններ՝ այսինքն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կլինեն նույն օրը:

  • Կիսվել: