երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ես Սամվել Շահրամանյանի լավատեսությունը չունեմ․ Արտակ Բեգլարյան․ «Հրապարակ»

Ես Սամվել Շահրամանյանի լավատեսությունը չունեմ․ Արտակ Բեգլարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը հարցազրույց է հրապարակել Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ․

- Արցախի իշխանությունների լռությունն ինչո՞վ եք բացատրում։ Նրանք չեն շփվում մամուլի հետ, փակ դռների ետեւում հանդիպումներ են ունենում, վերջերս էլ Արցախի ԱԺ նիստ են հրավիրել, որը փակ էր լրագրողների համար, եւ տեղեկատվություն էլ չտարածեցին։ Միայն դեկտեմբերի 10-ին հանդես եկան հայտարարությամբ՝ Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի կապակցությամբ, եւ այցելեցին Եռաբլուր։ 

- Չէի ցանկանա շատ խոսել Արցախի իշխանությունների գործողություններից կամ անգործությունից՝ հաշվի առնելով տարբեր զգայուն թեմաներ՝ տեղեկատվական առումով, քաղաքական առումով։ Բայց, այո, խոշոր առումով նկատելի է, որ ակնհայտ պասիվություն կա հրապարակային գործունեության առումով, եւ մյուս կողմից էլ ողջունելի է դեկտեմբերի 10-ին Արցախի ԱԺ հայտարարությունը, որն առաջինն էր՝ Արցախի ժողովրդի տեղահանումից, ցեղասպանությունից ի վեր, եւ այս առումով դրական միտում կա, ընդ որում՝ ե՛ւ հայտարարություն էին արել, ե՛ւ գործողություն էին արել՝ այցելելով Եռաբլուր, որը ցույց է տալիս, որ Արցախի իշխանությունները որոշակի պատասխանատվություն զգում եւ ստանձնում են եւ հրապարակային գործունեությամբ զգացնել են տալիս, որ կա իշխանություն, որը սուբյեկտ է, որը շարունակում է իր պարտականությունը կատարել՝ սահմանափակ կարողություններով, հաշվի առնելով իրավիճակը։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում ավելի ակտիվ կդառնան Արցախի իշխանությունները՝ թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր թեւերը, միտումներն արդեն առկա են, հաշվի առնելով ԱԺ-ի հայտարարությունը, նաեւ օրերս կայացած ԱԺ նիստը, որի մասին հրապարակայնորեն հայտարարել են պատգամավորները․ օրակարգի մասին դեռեւս չեն հստակեցնում, բայց կարծում եմ՝ առաջիկա օրերին անդրադարձ կլինի։ Արցախի իշխանությունների լռության պատճառների մասին խոսում են նաեւ իրենք՝ նշելով, որ կան տարբեր հանգամանքներ, եւ դրանից է, որ մինչ այս պահը չեն հրապարակում հնարավոր անելիքների մասին։ Ես հույս ունեմ, որ առաջիկա օրերին այս հարցերին անդրադարձ կլինի։ Կարծում եմ՝ լինում են հանդիպումներ որոշ դեսպանատների հետ։ Բայց լռության պատճառներից են Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը, Ադրբեջանի դիրքորոշումները։ Արցախի իշխանությունների վրա ազդող գուցե արտաքին ազդակներ էլ կան, չեմ կարող ասել, իրենք պետք է մեկնաբանեն այս ամենը։

-Հայաստանի իշխանություններն առանձնապես հակված չեն Արցախի մասով աշխատել, իսկ Արցախի իշխանությունները դեսպանատների հետ աշխատո՞ւմ են, եթե կա նման գործընթաց, ի՞նչ արդյունքներ ակնկալենք։

- Ես տեղյակ չեմ՝ դեսպանատների հետ աշխատանք տարվում է, թե ոչ եւ ինչ մակարդակով, ինչ ակտիվությամբ։ Ենթադրում եմ, որ մեծ ակտիվությամբ չկան, բայց չեմ էլ բացառում, որ հանդիպումներ եղել են։ Այսօր պետք է օգտագործել բոլոր հնարավոր պատուհանները, որպեսզի Արցախի իշխանությունների սուբյեկտայնությունը պահպանվի եւ ընդունվի որպես Արցախի ժողովրդի լեգիտիմ իշխանություն, եւ, անկախ պայմաններից, պետք է տարբեր երկրներ ընդունեն այս հանգամանքը եւ հաշվի առնեն Արցախի ժողովրդի հավաքական կարծիքը, որը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը։ Այս տեսանկյունից պետք է աշխատանքներ տարվեն ե՛ւ դեսպանատների հետ, ե՛ւ միջազգային կազմակերպությունների հետ, եւ բոլոր հնարավոր խողովակներով շփումներ լինեն։ Խնդիրներ բարձրաձայնելը, դիրքորոշումներ հայտնելը շատ կարեւոր են։

- Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իր հարցազրույցում հույս էր հայտնել, թե հնարավորություններ կան, որ արցախցիները ետ վերադառնան։ Դուք տեսնո՞ւմ եք այդ հնարավորությունը, եւ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս գործընթացը։

- Ինքս նման չափերի հնարավորություններ չունեմ, որն ունի Սամվել Շահրամանյանը, այսինքն՝ նույն գնահատականը չեմ կարող տալ՝ ունեցածս տվյալների տարբերության պատճառով, բայց առնվազն հրապարակայնորեն առկա տվյալներով՝ ես այդ լավատեսությունը չունեմ, որ առաջիկայում կամ տեսանելի ապագայում զանգվածային վերադարձի հնարավորություն կարող է լինել։ Գուցե անհատական որոշ դեպքեր լինեն, երբ մարդիկ կընտրեն Ադրբեջանի տիրապետությունը եւ Ադրբեջանի իշխանությունների պայմաններն ու կվերադառնան Արցախ, բայց չեմ կարծում, որ այդ պայմաններով շոշափելի քանակով մարդիկ կվերադառնան, քանի որ գրեթե բոլորի մոտ բացարձակ անվստահություն կա Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջարկվող ապրելու պայմանների եւ անվտանգության խոստումների նկատմամբ։ Ինչն էլ գլխավոր պատճառն է, որ մարդիկ չեն ցանկանում վերադառնալ։ Ես չեմ տեսնում նաեւ միջազգային միտում, որ իրենք կապահովեն բավարար անվտանգային պայմաններ Արցախի ժողովրդի համար, այնտեղ ապրելու համար։ Եթե լինեն նման երաշխիքներ, այդ դեպքում հնարավոր է, որ մեծ քանակով մարդիկ վերադառնան Արցախ։

- Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված սոցիալական ծրագրերը բավարար համարո՞ւմ եք արցախցիների համար, որ դա հնարավորություն կտա նրանց՝ մնալ Հայաստանում, չարտագաղթել։

- Այն, որ բազմաթիվ արցախցիներ արտագաղթել են, անզեն աչքով էլ է նկատելի։ Դժվար է ասել, թե իրական թիվն ինչքան է, ես լսել եմ տարբեր թվեր՝ 17 հազար, 25 հազար, 20 հազար, 15 հազար։ Այնուհանդերձ, չկա հստակ թիվ, թե քանի արցախցի է գաղթել, բայց ինձ համար տեսանելի է եւ մտահոգիչ է անգամ լսածս ամենափոքր թիվը, եւ այս պրոցեսի շարունակության միտում էլ եմ տեսնում։ Իհարկե, ձմռանն այս շարժը դանդաղ կլինի, բայց գարնանն ավելի շատ կլինեն մարդիկ, որ կգնան, եթե այսպես շարունակվեն սոցիալական, հումանիտար ծրագրերը եւ քաղաքական անորոշությունները երկարաժամկետ ծրագրերում, ապա էականորեն աճելու է գաղթողների թիվը։ Այս պահի դրությամբ որոշակի սոցիալական, հումանիտար խնդիրների հրատապ մասը լուծվել է՝ մի փոքր կայունացել է, բայց մարդիկ եկամտի, զբաղվածության լրջագույն խնդիր ունեն, քանի որ առկա պետական ծրագրերը դանդաղ են գործում, նույնիսկ բնակվարձի աջակցության գումարների հիմնական մասն արդեն երկրորդ ամիսն է՝ չի վճարվել շատ մարդկանց, ես իմ շրջապատում գիտեմ շատերին, որ դեռ չեն ստացել այդ գումարները, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում՝ սոցիալական կյանքը բավարարելու համար։ Նաեւ պետական ծրագրերը երկարաժամկետ հեռանկարում իրատեսական չեն, չկան նաեւ զբաղվածության խնդիրները լուծելու պետական ծրագրեր։

 

  • Կիսվել: